Զարթուցիչ

Հունիսմեկյան տոնական հասցեներ. Զարթուցիչ

Այսօր մայիսի 31-ն է , գարնան վերջին օրը, որը մի քանի ժամից աննկատ կհեռանա ու իր տեղը կզիջի տարվա ամենաուրախ ու անհոգ եղանակին։
Ամառ է գալիս․․․ և միայն այս մտքից կարելի է պայծառ տրամադրությամբ սկսել օրը։ Մի եղանակ և բազում ուրախություններ․․․ այսպիսին է ամառը, որին բոլորս ենք անհամբեր սպասում։
Ովքեր արդեն ազատ են դպրոցական բոլոր հոգսերից և վաղն էլ պատրաստվում են դիմավորել ամռան առաջին օրը, որը նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տեղեկացնենք, որ ժամը 12-ից 19-ը Երևանի Ազատության հրապարակում տոնական միջոցառումներ են լինելու։
Կինոթատրոն, կրկես, խաղերի ու զվարճանքերի անկյուններ, թատերական ներկայացումներ ու համերգներ։ Այս ամենը Երևանի քաղապետարանի նվերն է մեծ ու փոքր երևանցիներին։

Հունիսմեկյան միջոցառումներ են կազմակերպվելու նաև Երևանի վարչական շրջաններում։

Հիշեցնենք, որ վաղը, ինչպես նաև հունիսի 2-ին և 3-ին Երևանի Անգլիական այգում տեղի է ունենալու «Մանկական գրքի փառատոնը», որն արդեն երկորդ տարին կազմակերպում է «Զանգակ» գրատունը։ Եթե սիրում եք գրքեր կարդալ ու նաև սպասում եք գրքերի շնորհանդեսների, ամռան առաջին օրերը կարող եք Անգլիական այգում անցկացնել։ Նախաձեռնողները հետաքրքիր ժամանց են խոստանում այցելուներին։

Ամռան ամենագունեղ և ուրախ տոնն առաջարկում ենք անցկացնել նաև «Երազ» այգում։ Ժամը 18 -ից սկսած այգու փոքրիկներն ու մեծիկները կխաղան բակային սիրված խաղեր, կվայելեն ուրախ երգեր ու կմասնակցեն տարբեր խաղ-զվարճանքների։

Ի դեպ Երևանի թանգարանները ևս անակնկալ են պատարաստել երեխաների համար։ Հունիսի 1-ին Ժողովրդական արվեստի թանգարանի փայտարվեստի սրահում կբացվի ժողովրդական նվագարանների յուրօրինակ ցուցահանդես։ Առաջին անգամ կցուցադրվեն ու նաև կհնչեն պատանիների կողմից պատրաստված նվագարանները՝ քանոն, քամանչա և դուդուկ, որոնք նրանք պատրաստել են «Հայկական ավանդական նվագարանների պատրաստում» կրթական ծրագրի շրջանակում։

Իսկ ահա երաժշտասերների համար ամռան հրաշալի նվեր է պատարստել երգահան, դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանը։ Հունիսի 1-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Մուկօպերա» մանկական օպերային ներկայացման պրեմիերան։ Այն հագեցած է լինելու հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշարժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:

Ցուցադրել ավելի
Back to top button