Զարթուցիչ

Վաղը երիտասարդության միջազգային օրն է․ Զարթուցիչ

Այսօր Զարթուցիչում ներկայացրել ենք կրթական ծրագրեր, խոսել ենք երիտասարդների օրվա մասին, իսկ հետո` զրուցելու ենք «Էկոպարսեկ» էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Ադրինե Մուղնեցյանի հետ և փորձելու ենք բացահայտել, թե ինչ բնապահպանական միֆեր՝ առասպելներ կան, որոնց դեռ հավատում ենք։

Եվ այսպես, 1999 թվականի դեկտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թվականի օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Պետք է հիշել, որ օրը ոչ միայն մշակութային միջոցառումներին մասնակցելու և համերգներ վայելելու համար է, այլ նաև երիտասարդների խնդիրները բարձրաձայնելու։ Շատ երիտասարդներ տարբեր երկրներում զրկված են ամենատարրական իրավունքներից և հնարավորություններից։ Հետևաբար այս օրը նաև գործուն քայլեր անելու մասին է։

Հայաստանի տարբեր համայքներում այս օրը կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ Եկեք պարզենք, թե ու՞ր կարող ենք գնալ և ինչի՞ն մասնակցել։

2023 թվականին երիտասարդական մայրաքաղաք է համարվել Մեծամորը, որտեղ էլ անցկացվելու են մի շարք միջոցառումներ։ Այդ օրը քաղաքում անցկացվելու են սթրիթ արտի վարպետության և բատիկայի վարպետության դասեր, այնուհետև անցկացվելու են մրցույթներ և խաղեր։ Լինելու է նաև այց Մեծամորի թանգարան, ինչպես նաև տիկնիկային ներկայացում։ Եվ վերջում կկայանա համերգ՝ Նեո Վան բենդի կատարմամբ։

Իհարկե, միջոցառումները միայն Մեծամորում չեն և վստահաբար Ձեր համայնքներում ևս կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնց կարող եք ծանոթանալ կա՛մ ձեր համայնքի կայքէջում, կա՛մ այցելելով Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջ։

Ցուցադրել ավելի
Back to top button