Անցել են թղթի վրա նամակ գրելու, նամակը ծրարելու և հասցեատիրոջն ուղարկելու ժամանակները։ Համացանցի աշխարհում ամեն մի ասելիք, տեղեկություն ու միտք տեղնուտեղը կարելի է ուղարկել հասցեատիրոջն ու նույն վայրկյանին էլ ստանալ պատասխանը։ Այդ արագության մեջ, իհարկե, միշտ չէ, որ մենք մեր խոհերը, մտորումները միմյանց հետ կիսելու ժամանակ ունենում ենք․ մեր գրագրություններն ավելի շատ գործնական են, արագ, սրաթռիչք։ Բայց եղել են ժամանակներ, երբ նամակներն այլ բնույթ են ունեցել և ավելի հաճախ եղել են ներքին զրույց հասցեատիրոջ հետ, երկար, մանրամասն, մտածված։ Իսկ հայտնի շատ մարդկանց անձնական նամակներն էլ երբեմն դարձել են հասարակության սեփականությունը՝ որպես արվեստի գործ, որպես մտքեր, որոնց հասցեատերը, ճիշտ է, մեկ մարդ է, բայց այնքան խորն է ասելիքը, որ կարևոր է դառնում բոլոր ընթերցողների համար։
Այդպիսի հայտնի նամակներ շատ կան, օրինակ՝ Չապլինի նամակն իր դստերը, որը գիտեն բոլորը։ Այդպիսին է նաև այն նամակը, որը 1885 թվականին գրել է ԱՄՆ 16–րդ նախագահ, մինչև օրս ամերիկացիների ամենասիրելի նախագահ համարվող Աբրահամ Լինքոլնն իր որդու ուսուցչին։ Բարեբախտաբար սա այն նամակներից է, որը չի անհետացել, այլ դարձել է հասարակության սեփականությունը։
Եվ, չնայած սա նամակ է ուսուցչին, բայց նույն հաջողությամբ կարող էր լինել նամակ՝ ծնողներին, նամակ՝ երեխաներին, նամակ՝ մարդկությանը։ Եվ այսպես՝ նամակ ուսուցչին․․․
«Ես հասկանում եմ, որ որդիս պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ,– այսպես է սկսում նամակը Լինքոլնը,–բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:
Այս մեկը սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան թե՛տանուլ տալ, թե՛վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:
Թույլ տվեք, որ նա շուտ հասկանա, որ կռվարարներին և գլուխգովաններին հաղթելն ամենահեշտ բանն է: Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:
Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է անհաջողությունը համբերատար տանելը, քան խարդախություն անելը…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է… Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:
Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չգնա ամբոխի հետևից այն դեպքում, երբ բոլորը թեքվել են դեպի հաղթող կողմը։ Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Եթե կարող եք՝ սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ։ Սովորեցրեք նրան, որ արտասվելն ամոթ չէ: Նրան ցինիկների վրա ծիծաղել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ ավելորդ սիրալիրություններից։
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբե՛ք վաճառքի չհանել ո՛չ սիրտը, ո՛չ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ճիշտը դա է։ Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի մեջ է ամրանում պողպատը։
Թույլ տվեք, որ նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող վատի հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Գիտեմ, այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնքան լավն է, իմ որդին․․․»