Լուրեր

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում:

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում է.

  • Ձևավորել ուսուցիչների ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր, որոնք կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին:
  • Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ Ս. Փարաջանովին նվիրված նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությունները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):
  • Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:
  • Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:

Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով:

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:

Մասնակից հաստատությունները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են [email protected] էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակ պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի  էլեկտրոնային հասցեից:

Նամակի վերնագրում պետք է նշված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:

Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենալ 3-10 րոպե տևողություն:

Ցուցադրել ավելի
Back to top button