Լուրեր

Ինչպե՞ս աշխարհում ստեղծվեց առաջին փազլը

1760 թվականին Լոնդոնում հայտնի քարտեզագիր, փորագրիչ և հրատարակիչ Ջոն Սփիլսբերին երեխաներին աշխարհագրություն սովորեցնելու հետաքրքիր տարբերակ մտածեց։ Նա թղթի վրա քարտեզ գծեց, որն ամրացրեց բարակ տախտակին, իսկ հետո տախտակը սղոցեց մասերի և առաջարկեց երեխաներին կրկին ամբողջացնել քարտեզը։ Ի դեպ, քարտեզի վրա միայն Եվրասիան, Աֆրիկան և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներն էին պատկերված, որովհետև Ավստրալիայի մասին դեռ ամեն ինչ չէր, որ հայտնի էր, իսկ Անտարկտիդան էլ շատ ավելի ուշ հայտնագործվեց:

Գաղափարը շատ դուր եկավ երեխաներին։ Զբաղմունքը հետաքրքիր էր, դե, իսկ քարտեզն ամբողջացնելիս էլ նրանք ակամա սկսում էին հիշել, թե որ մայրցամաքը որտեղ է, որ գետն ու լիճը՝ որտեղ։ Ջոն Սփիլսբերին նպատակին հասել էր։ 

Այս հայտնագործությունն անմիջապես հայտնի դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ արքայական ընտանիքի երեխաներն էլ հաճույքով են զբաղվում մասնատված քարտեզներն ամբողջացնելու գործով։

Այսպես ստեղծվեց առաջին փազլը։ Իսկ այսօր փազլ հավաքելը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների սիրելի զբաղմունքներից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button