Զարթուցիչ

Մուլտֆիլմեր, որոնք դուրս են ժամանակի տարածությունից

Այսօր պատմելու ենք մեր առանձնացրած այն լավագույն 5 մուլտֆիլմերի մասին, որոնք ստեղծում են չփոփոխվող, հիմնարար արժեքներ։

Մեր ցանկում առաջինը, իհարկե, «Առյուծ արքա»-ն է։ Ֆիլմը սովորեցնում է, պայմանականորեն ասած, երեք կարևոր կանոն։ Կանոն համար առաջին՝ կյանքը հավերժ չէ։ Իմաստուն և ուժեղ առյուծ Մուֆասան իր որդուն սովորեցնում էր, որ բոլորը վաղ թե ուշ մահանում են։ Ինչպես ինքն էր ասում․ «Սա կյանքն է, ու դա նորմալ է»: 

2-րդ կանոնն այն է, որ մենք անդադար չենք կարող ապրել մեղքի զգացումով: Սիմբային  շարունակ տանջում էր այն ​​միտքը, որ հայրը մահացավ իր պատճառով։ Նա փորձում է մերժել  հին կյանքը՝ բոլոր ցավալի հիշողություններով, բայց չի հաջողվում նրան ազատվել անցյալից։ Եվ Սիմբան վերադառնում է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր։

Վերջին կանոնը՝ մենք չենք կարող փախչել խնդիրներից։ Երկար ժամանակ Սիմբան չէր ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվության բեռը, թեև՝ նա արքայազն էր և կարող էր թագավոր դառնալ։ Բայց, ինչպես ցույց տվեց մուլտֆիլմի սյուժեն, մենք չենք կարող փախչել խնդիրներից։ Երբեմն խնդիրն անլուծելի է թվում, բայց դա այդպես չէ: Փորձի պակասի պատճառով մենք գուցե չտեսնենք լուծումը, բայց, ինչպես ցույց է տալիս մուլտֆիլմը, լուծում միշտ էլ կգտնվի։

Մեզ մեկ օրն էլ չի բավականացնի, որ խոսենք «Առյուծ արքայի մասին», հատկապես՝ մուլտֆիլմում այնքա՜ն իմաստալից դրվագներ ու մտքեր կան։

Հաջորդը՝ մեր փոքրիկ ցանկում,  «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մուլտֆիլմն է։ Այն մեզ սովորեցնում է բարություն, սեր ու հարգանք։ Թզուկները, թեև խիստ, բայց իրականում բարի ու աշխատասեր մարդիկ են։ 

Թեև սկզբում չեն վստահում Սպիտակաձյունիկին,բայց  հետո սկսում են հոգ տանել իրենց հյուրի համար։ Այս մուլտֆիլմը սովորեցնում է սիրելիների հանդեպ լինել հոգատար, երբեք չծուլանալ ու լինել աշխատասեր, ինչպես նաև՝ միշտ բոլորին օգնության հասնել։

3-րդ մուլտֆիլմը, որը ևս տեղ է գտել մեր ցանկում, մեր սիրելի Դամբո մուլտֆիլմն է։ Այն սովորեցնում է գնահատել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ընտանիքն ու ընկերությունը։ Մուլտֆիլմը սովորեցնում է  ինքնավստահ լինել, նաև հանդուրժող ՝ հատկապես մեկ ուրիշի՝ տարբերվող լինելու նկատմամբ: 

Նախավերջին մուլտիֆիլմը «Սառցե թագուհին է»։ Այն սովորեցնում է մարդկանց հանդեպ  բարի և հոգատար լինել։ Հիշում եք, չէ՞՝ եղբորը համառորեն փնտրող ու պաշտպանել փորձող քրոջը։

Եվ վերջում, ի տարբերություն նախորդ մուլտֆիլմերի, մեր ցանկում ներառել ենք նոր մուլտֆիլմ, որը ևս ստեղծում է արժեքներ ու սովորեցնում իսկապես գնահատել այն, ինչ արդեն ունենք։ Մուլտֆիմը ստեղծվել է 3 տարի առաջ և կոչվում է՝ «Հոգի»: 

Այն մեզ սովորեցնում է լինել նվիրված, անգամ մանրուքներում տեսնել ուրախություն, չվախենալ իմպրովիզացիաներից, մանրուքների նկատմամբ լինել ուշադիր, ինչպես նաև՝ կարողանալ բաց լինել նոր հնարավորությունների համար։ Մուլտֆիլմը նաև սովորեցնում է,որ Երկիր մոլորակի վրա կյանքը չպետք է լցված լինի տառապանքով և օտարությամբ: 

Ահա այսքանը  մեր սիրելի 5 լավագույն մուլտֆիլմերի մասին, որոնք, ամեն անգամ դիտելիս, մի նոր բան ես  սովորում։ 

Մենք հույս ունենք, որ այս հանգստյան օրերին սոցիալական ցանցերում շարունակ վերև-ներքև անելու փոխարեն՝ կընտրեք  այս 5 մուլտֆիլմերից որևէ մեկը։

Ցուցադրել ավելի
Back to top button