Զարթուցիչ

Ընտանեկան ֆիլմեր՝ թեյի ու քաղցրավենիքի շուրջ․ Զարթուցիչ

Կարելի է ասել, որ ձմռան երկրորդ ամիսը գրեթե ավարտվեց: Սա նշանակում է, որ շուտով մեր խաղերն ու այլ զբաղմունքները հիմնականում լինելու են դրսում:

Ու քանի որ ձմեռն այն եղանակն է, երբ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում տանը՝ ընտանիքի հետ, այս անգամ որոշել ենք պատմել մեր ամենասիրելի մի քանի ֆիլմերի մասին, որոնք ասես նախատեսված լինեն հենց ընտանեկան ջերմ երեկոների համար, եթե, իհարկե, չմոռանանք վերցնել տաք թեյ ու թխվածքաբլիթներ։

Դե էլ ինչ ձմեռ՝ առանց Հարի Փոթերի։ Հույս ունենք, որ Ամանորին հասցրել եք դիտել, իսկ, եթե ոչ, ուրեմն՝ հասցրեք այն դիտել առաջիկայում։ Ֆիլմը ոչ միայն Հարի Փոթերի մասին է, այլ նաև՝ իրական ընկերության, հավատարմության ու արդարության։ Սովորեցնում է գնահատել այն ամենը՝  ինչ մեզ համար թանկ է, քանի որ ցանկացած պահի մենք կարող ենք ամեն բան կորցնել։ 

Հիշեցնենք նաև Փաթինգթոն անունով արջի մասին։ Եթե մտաբերեցիք «Փաթինգթոնի արկածները» ֆիլմում փոքրիկ արջը մեկնում է Լոնդոն՝ այն բանից հետո, երբ երկրաշարժից իր տունն ավերվում է։ Նա պետք է գտնի հետախույզին, որին տարիներ առաջ հանդիպել է նրա մորաքույր Լյուսին։ Ֆիլմը դրական հույզեր է փոխանցում  և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։ Այն բարության, միմյանց աջակցելու և օգնելու մասին է։ 

Վերջին տարիներին նման ֆիլմեր հազվադեպ են նկարահանվում, ուրեմն՝ ինչո՞ւ տանը նախապես չզգուշացնենք, որ մենք արդեն պլանավորել ենք հանգստյան օրերը։ 

Կենդանասերներ ունե՞նք։ Հաջորդ ֆիլմը, որն առաջարկում ենք դիտել, «101 դալմաթյան շներ» կինոնկարն է։ Այն, առևանգված շնիկների ու նրանց փրկարարների մասին է։ ֆիլմը բարություն և կարեկցանք է սերմանում։ Ֆանտազիայի ժանրով նկարահանված այս կինոնկարի ողջ ընթացքում ժպիտն ու ծիծաղը մեզ հետ կլինեն։ 

Դե, քանի որ հիշեցինք «Դալմաթյան շներին» խոսենք նաև Կրուելլայի մասին պատմող ֆիլմից։ Ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է՝ «Կրուելլա» ու ոչ միայն սովորեցնում է զարգացնել կամքի ուժ ու պայքարել երազանքների համար, այլ նաև՝ պատմում է, թե որտեղի՞ց է գալիս Կրուելլայի՝ շների հանդեպ տածած չարությունը։ 

Ի դեպ՝ մի հետաքրքիր օրինաչափություն ենք նկատել։ Վերջին տարիներին Դիսնեյը նկարահանում է ֆիլմեր, որոնք պատմում են, թե ի՞նչն է այս կամ այն չարագործի վարքի պատճառը։ Այսպիսով, կարծես ցույց է տրվում, որ լավ ու վատ մարդիկ չեն լինում և բոլորն էլ ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Իսկ, եթե մարդն իրեն, այսպես ասենք, «չար է պահում», ուրեմն՝ կարելի է գտնել պատճառը և օգնել նրան։ 

Դե իհակե ֆիլմերի մեր ցանկում է նաև «Ջումանջին», բայց մենք խորհուրդ ենք տալիս դիտել 2017 թվականին նկարահանվածը, որը խաղի մասնակիցներին ցույց է տալիս թիմային աշխատելու առավելությունները, միասնության և համագործակցության կարևորությունը՝ մարտահրավերներն ու խնդիրները հաղթահարելը։ Ընթացքում կան թե՛ հումորային ու թե՛ ուսուցողական դրվագներ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button