Զարթուցիչ

Փետրվարի 14-ը գիրք նվիրելու միջազգային օրն է. Զարթուցիչ

Խնկո Ապոր  անվան  ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-ից 21-ը տեղի կունենա «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն ինչպես գիտեք, Հայաստանում նշվում է նաև որպես «Գիրք նվիրելու օր»։ Բացման օրը կկայանա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության և պարգևատրման արարողությունը, կանցկացվեն նաև բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։

Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մանկագիրների և նկարազարդողների հետ։ Կկազմակերպվեն նաև ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ և երաժշտական ունկնդրումներ: Այցելուները հնարավորություն կունենան նաև հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ զեղչերով:

Այնպես որ, սիրելի ընկերներ փետրվարի 19-ից 21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրքի տոն է լինելու, որին խորհուրդ ենք տալիս անպայման մասնակցել։  

Իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ Զարթուցիչի թղթակիցներ Նելիի և Սոնայի պատրաստած ‹‹Գրքերը մեր կյանքում›› էջին և նոր գիրք կարդացած ներկայանալ միջոցառամանը, կամ էլ կողմնորոշվել, թե ինչ գիրք եք ցանկանում նվիրել ձեր ընկերներին Գիրք նվիրելու օրվա առթիվ։

Սոնա — Եթե ավարտել եք նախորդ գիրքն ու չեք կողմնորոշվում ինչ կարդալ հիմա, մենք ձեզ կօգնենք։ Այս անգամ մեր ուշադրությունը գրավել է մի գիրք, որը կարդալուց հետո հետաքրքիր փոփոխություններ կնկատեք ձեր կյանքում։ Օրինակ՝ կսովորեք կառավարել միտքը, ավելի հեշտությամբ հասնել նպատակներին, ինչպես նաև տիրապետել ինքնավերահսկողության արվեստին:

Նելլի — Խոսքը Ռոբին Շարմայի ‹‹Վանականը, որը վաճառեց իր ‹‹ֆերարին›› գրքի մասին է, որը  համարվում է բեսթելլեր համաշխարհային գրականության մեջ։ Այն պատմում է երբեմնի աշխարհահռչակ իրավաբան Ջուլիան Մենթլի և ոչ պակաս լավ իրավաբան Ջոնի մասին։

Սոնա — Տարիներ շարունակ՝ նվիրվելով իրավաբանությանը Ջուլիան Մենթլը հանկարծ հասկանում է, որ այլևս հաճույք չի ստանում իր աշխատանքից և որոշում է արմատապես փոխել իր կյանքը։ Նա հրաժարվում է իր կարիերայից, ընտանիքից, անգամ սիրելի ֆերարիից և ուղևորվում է հեռավոր Հնդկաստան՝  բացահայտելու Սիվանայի իմաստունների հաջողության գաղտնիքը։

Նելլի — Եվ մի երեկո ամբողջովին փոխված և անճանաչելի դարձած Ջուլիանը վերադառնում է իր հին բնակավայր և որոշում այցելել իր գործընկերոջը` Ջոնին։ Ամբողջ գիշեր նրանք միասին են անցկացնում և Ջուլիանը Ջոնին պատմում է բոլոր այն հմտությունների մասին, որոնք նա  սովորել է Սիվանայի իմաստուններից։ Ջոնը համբերատար ու հիացած լսում է իր հին ընկերոջ պատմությունները, ընդունում է խորհուրդները և խոստանում այլևս չկրկնել նախորդ սխալները։

Սոնա — ‹‹Վանականը, որը վաճառեց իր ‹‹ֆերարին›› վեպն իսկապես լի է ոգեշնչող խոսքերով և  մենք  առանձնացրել ենք  դրանցից մի քանիսը։

‹‹Երբ համարձակվում ես դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց և ուսումնասիրել անհայտը, դու բացահայտում ես քո իրական հնարավորությունները։ Սա ինքնակատարելագործման առաջին քայլն է։››

‹‹Կյանքում սխալներ չկան, կան միայն դասեր։ Չկա բացասական փորձ ասվածը, կան միայն աճելու, սովորելու և առաջ գնալու հնարավորություններ ինքնակատարելագործման ճանապարհին։››

‹‹Տիեզերքը պարգևատրում է համարձակներին։ Երբ դու մեկընդմիշտ որոշել ես փոխել կյանքդ, քո հոգու ուժը կառաջնորդի քեզ դեպի հրաշքներով լի մի կախարդական աշխարհ››:

Եվ վերջում  5 պատճառ, թե ինչու կարդալ հենց այս գիրքը։

1) Գիրքը սովորեցնում է գնահատել ժամանակը։

2) Չզղջալ անցյալի համար ու  շարժվել առաջ։

3) Միանգամից չձգտել արդյունքի, այլ հաճույք ստանալ ընթացքից։

4) Փորձել գերազանցել սեփական «ես»-ը, այլ ոչ ուրիշներին։

5) Չմտածել անցյալի և ապագայի մասին, այլ ապրել ներկայով։

Եվ միշտ հիշեք. ‹‹Իմաստունները գիտեն, որ անցյալը ջուր է, որը հոսում է կամրջի տակով, իսկ ապագան հեռվում` հորիզոնի վրա բացվող արեգակ է։ Մարդու համար ամենակարևորը ներկան է, սովորիր ապրել ներկայով և վայելիր այն ամբողջ սրտով։››  

Այսքանը Ռոբին Շարմայի ‹‹Վանականը, որը վաճառեց իր ‹‹ֆերարին›› գրքի մասին։ Հուսով ենք կկարդաք և կհավանեք այն։     

Ցուցադրել ավելի
Back to top button