Զարթուցիչ

Հրաշալի առիթ՝ դպրոցում ևս մեկ անգամ մեդիագրագիտությանն անդրադառնալուն

Ամեն տարի փետրվարի երրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության կառավարման համաշխարհային օր։ 

Հայտնի այն ասույթը, որ տեղեկատվությանը տիրապետողը աշխարհին է տիրում, ոչ միայն չի հնանում, այլև ավելի ու ավելի է հիմնավորվում ժամանակակից աշխարհում։ Դրան նպաստող տարբեր հանգամանքներ կան, նախևառաջ, իհարկե, տեղեկության ստացման, փոխանցման և պահպանման տեխնոլոգիաների արդիականացումը։

Ինչպես և մեր կյանքի շատ այլ գործոններ, այնպես էլ տեղեկատվությունը, կարող է գործածվել թե՛ ի շահ, և թե՛ ի վնաս անհատի և հասարակության։

Այն կարող է օգնել շատ հարցեր ժամանակին բարձրաձայնելուն և լուծելուն, աղետների կանխարգելմանը կամ դրանց նախապատրաստվելուն, մարդկանց համախմբմանն ու մարդկային էներգիան անհրաժեշտ հուն մղելուն, բայց նաև կարող է միանգամայն հակառակ ազդեցություն ունենալ․ կեղծ լինել, նպաստել խուճապի տարածմանը, բացասական հույզեր և տրամադրություններ արթնացնել։ Եվ երկու դեպքում էլ խիստ կարևոր է այն հանգամանքը, թե ով և ինչպես է կառավարում տեղեկատվությունը։ 

Եվ, իհարկե, խիստ կարևոր է նաև այն, թե որքանով է մեդիագրագետ և պատրաստված մեզնից յուրաքանչյուրը, որը ոչ միայն տեղեկատվության սպառողն է, այլև տարածողը,  հետևաբար՝ նաև կառավարողը։ Ահա թե ինչու է պետք տիրապետել տեղեկություններ վերլուծելու,  զտելու, պահպանելու և տարածելու պարզագույն հմտություններին։

Եվ այսպես՝ փետրվարի 15-ը Տեղեկատվության կառավարման համաշխարհային օրն է, հրաշալի առիթ՝ դպրոցում ևս մեկ անգամ անդրադառնալու մեդիագրագետ լինելու կարևոր հարցին։

Ցուցադրել ավելի
Back to top button