Մայրիկի դպրոց

Մարտահրավերներ մայրիկի համար. Մայրիկի դպրոց

Դեռահասության շրջանը բարդ մարտահրավեր է նախևառաջ հենց իր՝ երեխայի համար, որը միշտ չէ, որ հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է իր ներաշխարհում, իր կյանքում, իր հետ։ Բայց սա նաև մարտահրավերների փուլ է մայրիկների համար։

Անգամ եթե գործ ունենք իրազեկված, դժվարությունները գիտակցող մայրիկի հետ, մեկ է, միշտ չէ, որ հնարավոր է լինում դեռահասի հետ հարաբերություններում սուր անկյուններից խուսափել։ Իսկ եթե մայրիկն ամենևին պատրաստ չէ այս փուլի բարդություններին, տհաճ անակնկալները կարող են իրար հետևից հաջորդել միմյանց։ 

Հոգեբան Արմինե Վարդանյանի օգնությամբ փորձում ենք ճանաչել այն գլխավոր մարտահրավերները, որոնք ներխուժում են մեր կյանք երեխայի դեռահասության փուլում։

Ա․ Վարդանյան – Այսպես, թե այնպես, բոլորիս կյանքում գալիս է մի պահ, երբ մեր երեխաները դառնում են դեռահաս, և իրենց օրգանիզմում ու կյանքի բոլոր ոլորտներում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կառավարելի չեն, վերահսկելի չեն։ Դեռահասներն սկսում են փոխվել ֆիզիոլոգիապես, իրենց համար դա էլ է ծանր փոփոխություն, որը կարող է իրենց հուզական դաշտի վրա անդրադառնալ։ Նրանք կարող են դառնալ պոռթկուն, բռնկուն, կողքից թվացյալ անտեղի բարկանան, և շատ անհասկանալի լինի այս ամենը։ 

Իրենք կարող են նաև ունենալ այն զգացողությունը, որ իրենք արդեն մեծացել են և այդ տեսանկյունից որոշակի վարք դրսևորեն, որոշումներ կայացնեն, ինչ–որ հարցերում սկսեն այլ վարք դրսևորել նախկինի համեմատ, օրինակ՝ մինչև այդ միշտ զանգահարում էին, տեղեկացնում՝ հասել եմ դպրոց, հասել եմ տուն, իսկ հիմա կարող են դա չանել։ Մի տեսակ փորձարկում է իրենց համար։ Ծնողի համար ոչ շատ դուրեկան վարք է, բայց դեռահասի համար փորձարկում է․ ի՞նչ արձագանք կունենա, իսկ ինչու՞պետք է ասեմ, թող իրենք զանգեն և այլն։

Կամ, օրինակ, կարող են ուսման հետ կապված մոտեցումները փոխվել։ Սա, երևի, բոլոր ծնողների համար ամենացավոտն է։ Եվ կարող են անընդհատ այդ հարցերը լինել՝ իսկ ինչու՞ պետք է սովորեմ, իսկ ինձ կյանքում ինչո՞վ է պետք գալու, օրինակ, Չարենցի բանաստեղծությունը կամ քիմիայի այս կամ այն բանաձևն իմանալը։ Եվ սա, իսկապես, ծնողի համար կարող է լուրջ մարտահրավեր լինել։ 

Մեկ այլ լուրջ մարտահրավեր է դեռահասի նոր փոխհարաբերությունները, առհասարակ հասակակիցների կամ նոր մարդկանց հետ կապեր ստեղծելը, որը շատ անհասկանալի ընթացք կարող է ունենալ․ ի՞նչ սկզբունքով է ընկերներ ընտրում, ի՞նչ սկզբունքով է ընկերների հետ հարաբերվում, արդյոք կարողանու՞մ է իր մտքերն ու հույզերը ճիշտ արտահայտել, արդյոք կարողանու՞մ է ինքն իրեն պաշտպանել։ 

Այս բոլորը հարցեր են, որոնք ծնողին,բնականաբար, կարող են անհանգստացնել և լուրջ մտահոգության առիթ դառնալ, որովհետև սովորաբար այս տարիքում երեխաները նաև հեռանում են ծնողներից և շատ ցանկանում են իրենց հարցերը ինքնուրույն  լուծել, շատ հարցերում հաշվի չառնել ծնողների կարծիքը։ Եվ սա ևս մի փուլ է ծնողներից առանձնանալու։

Այս փոփոխությունների մեջ ամենակարևոր մարտահրավերը, որը ես կառանձնացնեմ ծնողի համար, դա այս բարդ փուլում, որը ծնողին շատ զայրացնող, հիասթափեցնող կարող է լինել, դեռահասի հետ կապը պահելն է, էմոցիոնա՛լ կապը, որն ի սկզբանե եղել է, դեռահասության ավարտին չկորցնելն է, որովհետև փուլն ինքնին բարդ է, և երեխային մեզնից վանելու և դեռահասի հանդեպ բարկություն կուտակելու վտանգները չափազանց մեծ են։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button