Մայրիկի դպրոց

Երբ վիճում են մայրիկն ու հայրիկը. Մայրիկի դպրոց

Դժվար է պատկերացնել, որ կարող է լինել այնպիսի ընտանիք, որտեղ հայրիկն ու մայրիկը երբեք և որևէ հարցում հակասություններ ու վիճելու առիթ չունենան։

Իսկ ի՞նչ ապրումներ են ունենում երեխաներն այս դեպքում՝ երբ վիճում են հայրիկն ու մայրիկը, և ի՞նչ պետք է իմանան ծնողներն այս իրավիճակների մասին։

Հարցը քննարկում ենք հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։

Հարց – Հնարավոր համարու՞մ եք այնպիսի ընտանիքի գոյություն, որտեղ ծնողները երբեք չեն վիճում։

Ա․ Վարդանյան – Այդպես դժվար եմ պատկերացնում առհասարակ մարդ-մարդ փոխհարաբերությունները, որտեղ չլինի ցանկությունների, հետաքրքրությունների, կարծիքների, մտքերի բախում․ մարդ-մարդ հարաբերությունն ինքնին ենթադրում է, որ կարող են լինել նաև տարակարծություններ, տարաձայնություններ, անհամաձայնություններ, ինչը շատ բնական է և ինչը կարող է պատահել նաև ծնողների հետ, մայրիկների և հայրիկների փոխհարաբերություններում։

Ընդհանրապես ծնողները երեխայի համար հանդիսանում են կայունություն, անվտանգություն ապահավող մարդիկ, և շատ կարևոր է երեխայի համար այն միտքը, այն գիտակցումը և այն պատկերացումը, ինչու ոչ՝ նաև դա զգալը, որ ծնողներն իրար սիրում են, ծնողները հաշտ են, նրանց փոխհարաբերություններում ամեն ինչ կարգին է, և սա՝ կայունության, անվտանգության, ապահովության զգացումը, երեխայի բնականոն զարգացման հիմքն է։ Եվ ցանկացած տարիքում, երբ սա խախտվում է, երբ կա ոչ այնքան կառուցողական հարաբերությունների կայուն մթնոլորտ, երբ մեր ասած տարաձայնություններն ու տարակարծությունները շատ ավելի բուռն ու բարձրաձայն են քննարկվում, ուղեկցվում  են վիրավորանքներով, սա ցանկացած տարիքի երեխայի համար կարող է զգայուն հարց լինել։ Եթե փոքրիկների մոտ դա կարող է ընդհանուր ռեժիմի խախտմամբ դրսևորվել, օրինակ՝ մայրիկի վատ տրամադրությունը կամ հայրիկի վատ տրամադրությունն անդրադառնան երեխայի քնի որակի, սնվելու որակի վրա, մի քիչ ավելի մեծ տարիքում երեխաների մոտ կարող է, օրինակ, առաջանալ մեղքի զգացողություն, որ իրենք են մեղավոր էս ամեն ինչի մեջ։ Կրտսեր դպրոցական, նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կարող են անհանգստություններ ու լարվածություններ լինել։ Իհարկե, այս դրսևորումները շատ տարբեր կարող են լինել երեխայի անձնային առանձնահատկություններից և ընտանիքի ընդհանուր մթնոլորտից էլ կախված, բայց վեճերը բոլոր տարիքների երեխաների կայունությունն ու ապահովությունը սասանող հանգամանք են․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button