Լուրեր

Մեկնարկում է «Թատերական շաբաթ 2024» նախաձեռնությունը

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին: Մարտի 25-31-ը կանցկացվի  «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում:

Նախաձեռնության նպատակն է թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ:

Ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:

Նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button