Լուրեր

Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։

Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով։

Հայաստանի Հանրապետությունը «Գեղարդ» տեսանյութով ապրիլին կներկայանա «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթում, որին այս տարի մասնակցում են նաև Իտալիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Սլովենիան, Իսպանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ուկրաինան։ Մրցույթի արդյունքում Եվրոպայի հաղթողը մայիսին կմեկնի Ստրասբուրգ։

Ցուցադրել ավելի
Back to top button