Զարթուցիչ

«Ի՞նչ են ասում ծաղիկները». Զարթուցիչ

Եթե ձեզ հարցնեն՝ որն է գարնան ամենակարևոր խորհրդանիշը, շատերդ առաջինը կասեք՝ ծաղիկը․․․Չեք նշի՝ որ ծաղիկը, պարզապես կասեք՝ ծաղիկը հետո գուցե նույն գոյականն օգտագործեք հոգնակիով՝ ծաղիկները, և իհարկե, չեք  սխալվի։ 

Ձմռան ցրտից հետո մեր հայրենիքում՝ Հայաստանում, երկիրը նախ ձնծաղկի քնքուշ կապույտով է ժպտում, հետո մանուշակի գույնով ու սարի շուշանների դեղինով, հետո խատուտիկն ու կակաչն են հայտնվում, ու երկրի ժպիտն ավելի պայծառ ու սիրուն է դառնում։ Բայց ծաղիկները միայն  ժպիտ չեն, այլև խոսք ու զրույց։ Եվ այդ մասին է մեր այս փոքրիկ բացահայտումը, որն անվանել ենք՝ «Ի՞նչ են ասում ծաղիկները»․․․ 

Երբևէ լսե՞լ եք «ծաղիկների լեզու»բառակապակցությունը։ 

Պարզվում է, որ հնուց ի վեր ծաղիկների մեջ մարդիկ ոչ միայն գեղեցկություն ու գույն են տեսել, այլև ասելիք, տրամադրություն և հույզ։ Եվ հասկացել են, որ շատ բանի մասին կարելի է խոսել ոչ միայն բառերով, այլև ծաղիկների օգնությամբ։ Ծաղիկների օգնությամբ կարելի է միմյանց հետ կիսել լավ տրամադրությունը, դիմացինին վշտակցել, սատարել դժվար պահին, ներողություն խնդրել և, իհարկե, խոսել սիրո մասին։

Այն, որ ծաղիկների լեզվով կարելի է խոսել, առաջինը գլխի են ընկել Հին Արևելքում։ Հենց այստեղ էլ մշակվել է ծաղիկների լեզուն, որը հայտնի է «սելամ» անունով և որը շատ կանոններ ունի․ անգամ այն, թե ինչպես է բռնել ծաղիկը նվիրողը կամ այն, թե որ ձեռքով է ծաղիկը հանձնվել՝ աջ, թե ձախ, կամ ինչ տերևներով է համադրվել փունջն ու արդյոք մաքրվել են վարդի ցողունի փշերը, թե ոչ, այս լեզվում շատ կարևոր նրբություններ են։ Բայց ծաղիկների լեզվում ամենակարևորը հենց ծաղիկն է՝ իրեն վերագրված իմաստով։

Ծաղիկների լեզվի մասին գիտելիքը Եվրոպա է հասել բրիտանացի դեսպաններից մեկի կնոջ՝ Մերի Ուորթլի Մոնթեգյուի շնորհիվ։

18-րդ դարում անգամ սկսեցին ծաղիկների լեզվի բառարաններ հրատարակվել, որոնք բացահայտում էին այս կամ այն ծաղկի նշանակությունը, իսկ ծաղիկների լեզուն հատկապես կիրառական դարձավ Վիկտորյա թագուհու ժամանակների Անգլիայում և Ֆրանսիայում:

Ծաղիկները շատ են, և իմանալ բոլորի արտահայտած իմաստն ու խորհուրդը, հնարավոր չէ, բայց մեր այսօրվա զրույցից թող ձեզ մնա այս փոքրիկ բացահայտումը․․․

Հիրիկները, որոնց հենց այսօր էլ կարող եք հանդիպել բոլոր ծաղկավաճառների մոտ, քաջության ու իմաստնության մասին են խոսում․ Հին Եգիպտոսում սֆինքսների արձանները զարդարում էին հիրիկներով։

Կապույտ զանգակածաղիկները համեստության ու հավատարմության խորհրդանիշն են։

Առյուծամագիլը, որն առավել հայտնի է «էդելվեյս»անունով, համարձակության մասին է խոսում մարդկանց հետ։ 

Հորտենզիան գլուխգովանության և անսիրտ լինելու մասին է հուշում։ 

Ձնձաղիկը հույս է հայտնում, վարդը՝ սեր խոստովանում, և երբեք չի լռում զրույցը  ծաղիկների մեծ թագավորությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button