Զարթուցիչ

33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ. Զարթուցիչ

Կարծում ենք՝ գիտեք, որ այս ամռանը՝ հուլիսի 26-ին, Փարիզում կմեկնարկեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Եվ քանի որ բոլոր օլիմպիական խաղերի ընթացքում հյուրընկալող քաղաքի խորհրդանշական վայրում տեղադրվում են հինգ հսկա օղակներ, որոշվել է, որ Փարիզում դրանք կտեղադրվեն, դե, իհարկե, Էյֆելյան աշտարակի վրա։

Աշտարակի առաջին և երկրորդ հարկերի միջև՝ դեպի Սեն գետը նայող կողմում, կտեղադրվեն մասնակից 5 մայրցամաքները խորհրդանշող հինգ միահյուսված՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակներ։

Ի դեպ, այս օլիմպիական խաղերի բացման արարողությունն անսովոր է լինելու, և եթե անգամ թունդ մարզասեր չեք, արժե որ հիմիկվանից արդեն որոշեք, որ անպայման հետևելու եք դրա ցուցադրությանը։

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով, իսկ մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով:

Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու՝ բրեյք դանսը:

Առաջիկա օլիմպիական խաղերի մասին այս տեղեկությունը այսպիսի մի հարց առաջացրեց մեր մեջ․ աշխարհի բազմաթիվ թանգարանների շարքում տեսնես հենց օլիմպիական խաղերին նվիրված թանգարան կա՞։

Պարզվեց՝ կա, և ոչ միայն հենց օլիմպիական խաղերին, այլև տարբեր մարզաձևերի նվիրված թանգարաններ կան։ Օրինակ՝ հոկեյի թանգարան Կանադայում, թենիսի թանգարան Մեծ Բրիտանիայում, բայց մեր ծրագրի «Հետաքրքիր տեղեկություններ ամեն ինչի մասին» խորագրի այս էջը հենց Օլիմպիական խաղերի թանգարանի մասին է։

Այս թանգարանը գտնվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Այն բացվել է 1993 թվականին և արդեն 2010 թվականին ավելի քան 10000 ցուցանմուշ ուներ։

Սա համարվում է աշխարհի ամենամեծ մարզական թանգարանը, որտեղ ներկայացված է օլիմպիական խաղերի ծագման ողջ պատմությունը ոչ միայն ցուցանմուշների, այլև ինստալյացիաների, տեսահոլովակների միջոցով։

Թանգարանի տարածքում նաև պուրակ կա, որը նայում է ժնևի լճին, իսկ պուրակում ոչ միայն կարելի է հիանալ բնությամբ, այլև նշանավոր մարզիկների քանդակներ տեսնել։

Այս թանգարանը Լոզանի ամենատեսարժան վայրն է, և այստեղ գտնվող յուրաքանչյուր զբոսաշրջիկ աշխատում է անպայման հայտնվել Օլիմպիական խաղերի թանգարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button