
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:
Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Երեկոյին ելույթ կունենան այնպիսի աստղեր, ովքեր զարդարում են Լոնդոնի Թագավորական Քովեթ Գարդենի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը։ Նրանք են սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ կլինեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից:





