Զարթուցիչ

Աշնանային տխրություն ու ձանձրո՞ւյթ․․․ մենք գիտենք՝ ինչ անել

Դուք էլ եք կարծում չէ՞, որ արդեն թեյ կամ էլ տաք շոկոլադ վայելելու առավոտներ են։ Այո, առավոտյան և երեկոյան հաճելի սառնությունը, արդեն իսկ, հիշեցնում է, որ շուտով օրերն ավելի են մռայլվելու, կարճանալու, և տանը ավելի շատ ժամանակ ենք անցկացնելու։

Բայց մի շտապեք տխրել, այն էլ՝ վաղ առավոտյան, քանի որ ձեզ համար շատ հավես ցուցակ ենք կազմել, որի օգնությամբ՝ տանը սովորականից ավելի երկար ժամանակ անցկացնելը կդառնա է՛լ ավելի հետաքրքիր։

Դե, մեր օգտակար ցանկը սկսենք՝ ծանոթանալով to do list-երին։ Եթե թարգմանենք, կստացվի այսպես՝ անելիքների ցուցակ։ Սա շատ կարևոր գործիք է, որը մեզ կարող է օգնել գրեթե միշտ մնալ կենտրոնացած։ Հատկապես աշնանը, երբ ավելի հաճախ ենք ձանձրույթ, մոտիվացիայի կորուստ ու, երբեմն էլ, տխրություն զգում, այս տեխնիկան կօգնի չշեղվել հիմնական անելիքներից։

Այնպես որ, թե՛ տանը լինենք ու թե՛ դպրոցում, միշտ հեռախոսի «նշումներ» բաժնում ցանկալի է ունենալ օրվա to do list-ը, որտեղ գրի կառնենք ամենակարևոր գործերը, ինչպես նաև՝ հանգստին հատկացվող ժամանակը։ Այս համակարգված ռեժիմի դրական ազդեցությունները շատ չեն ուշանա։ 

Որքան էլ զարմանալի թվա, բայց, երբ արևը սկսում է ավելի քիչ երևալ, մեր բարձր տրամադրության համար պատասխանատու հորմոնները սկսում են նվազել, իսկ տխրության համար պատասխանատուները՝ գլուխ են բարձրացնում։ Ուստի՝ աշնանը, առավել, քան երբևէ, կարևոր է ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ 

Գաղտնիք չէ, որ ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում մարդու առողջության վրա և նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնների արտազատմանը։ Եվ այս ուրախ թիմի յուրաքանչյուր անդամ նպաստում է մարմնի գործունեության կարգավորմանը։ Ի դեպ, էնդորֆինը՝ երջանկության հորմոնը, արտազատվում է՝ ի պատասխան սթրեսի, որը օրգանիզմն ունենում է ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Դե, այն պատկանում է օգտակար սրթեսների շարքին։ 

Եվս մի հաճելի զբաղմունքի մասին հուշենք։ Աշնանը հաջորդելու է ձմեռը, ինչը նշանակում է, որ այս շրջանում բնությանը մոտ լինելու ու այն վայելելու՝ այս տարվա մեր վերջին հնարավորությունն է։ Ուստի՝ ինչո՞ւ բաց թողնել այն։ Առաջարկում ենք գնալ պիկնիկի՝ վայելելու աշնանային գույներն ու բնությունը։ Տեսեք, օրերը կարճացել են, առավոտյան լինում ենք դպրոցում, իսկ վերադառնալիս, մինչև ավարտում ենք տնային առաջադրանքները, արդեն բավականին ուշ է լինում։ Քանի որ քիչ ժամանակ ենք անցկացնում ընկերներեի հետ, մեկ օր պիկնիկին տրամադրելը կարող է լրացնել այդ բացը և ամրապնդել ընկերությունը։

Իհարկե, չենք մոռանում, որ աշունը լավագույն ժամանակն է նաև նոր հոբբի ձեռք բերելու համար, քանի որ այն ամենը, ինչը նոր է, միշտ հետաքրքիր է։ Մտածենք, թե ի՞նչ կցանկանայինք անել։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել օտար լեզուներ սովորելուն, քանի որ այսօր, կարելի է ասել, որ օտար լեզու իմանալը, ոչ թե զարմանալի մասնագիտություն է, այլ՝ հմտություն, որին պետք է շատերս տիրապետենք։

Եվ վերջում՝ տեղափոխվենք խոհանոց։ Պարզ է չէ՞, որ աշունը բերքահավաքի շրջան է, և հենց այս ժամանակ է, որ շուկաներում կարելի է գտնել ամենահամեղ և թարմ բանջարեղենն ու միրգը: Ի դեպ, սա ևս կարող է դառնալ նոր հոբբի։ Կարող ենք համացանցում փնտրել հեշտ պատրաստվող մի քանի ուտեստների բաղադրատոմս և երեկոյան ողջ ընտանիքին անակնալ մատուցել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button