
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը։
Դասընթացների աշնանային առաջին շրջափուլը իրականացվեց սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որին մասնակցեցին 7 ուսումնական հաստատության 34 մանկավարժ:
Ծրագիրը միտված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում դասավանդող մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մանկավարժ-երեխա-ծնող կապի ամրապնդմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը:
Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական կարգավորումների, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, ինչպես նաև ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ:
2024 թ. ծրագրի գարնանային շրջափուլին մասնակցել է 20 ուսումնական հաստատության 160 մանկավարժ: Դասընթացներն իրականացվել են Վանաձորում, Աշտարակում, Ուջանում, Օշականում և Երևանում՝ արտերկրի առաջատար մասնագետների միջոցով: Հայաստան են ժամանել մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից: Օգոստոսի 27-ին Երևանում իրականացվեց նաև կլոր սեղան, որտեղ ազգային և միջազգային փորձագետները քննարկեցին ներառական ոլորտի հիմնական խնդիրները և հնարավոր արդյունավետ լուծումները։

