Առաջին անգամ Հայաստանում այս օրը՝ հոկտեմբերի 17-ը, նշվելու է որպես «Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր»։ Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում կհնչեն զեկույցներ, ելույթ կունենա «Բերդ» պարային անսամբլը, կանցկացվեն վարպետության դասեր։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը մեծ է ու հետաքրքիր։ Այն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ժողովրդական բանահյուսությունը, ազգային խոհանոցը, ավանդույթներն ու ծեսերը, արհեստները, տոները, հավատալիքները, լեզուն, պարարվեստը։
Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մի շարք նմուշներ գրանցվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ 2017 թվականին այդ շարքում իր տեղը գտավ հայկական ազգային պարերից Քոչարին։ «Քոչարի. ավանդական խմբապար»․ այսպես է նշված այն այս ցանկում։
Հենց քոչարի պարին նվիրված իրենց նախագծային աշխատանքով Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի թիմը մասնակցեց «Սմարթ Էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթին և դպրոցի համար վաստակեց սմարթ-էկրան։ «Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով հայկական ազգային պարերից քոչարիները» այսպես է կոչվում աշխատանքը։
Հետաքրքիր ընտրություն է, և հետաքրքիր աշխատանք․ որոշեցինք մենք և այսօր ստուդիա հրավիրեցինք Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արփենիկ Ղազարյանին և թիմի անդամներից Գոռին, Աննային և Լարիսային․․․





