
Հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի մեկնարկը: Փառատոնի կարգախոսն է՝ «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»։
Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։
16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է կոմիքսների ցուցադրություն։ Նախատեսվում է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի հաշվետվություն-ցուցադրությունը, ինչպես նաև այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։ ReA փառատոնը կսկսի նաև ReA Comics-ի մատենաշարը և կներկայացնի արդեն հայերեն թարգմանված երկու գրքերը։
Նշենք, որ «Ռեանիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 16-րդ անգամ Հայաստան է բերել ավելի քան 250 ֆիլմեր, համախմբել է ոլորտի լավագույն մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից, ստեղծել հարթակներ հայ և օտարազգի անիմատորների հմտությունների զարգացման համար:

