Այսօր քաղաքների համաշխարհային օրն է: Սա ՄԱԿ-ի սահմանած տոներից է և նշվում է 2014 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 31-ին։ ՄԱԿ-ի տվյալներով ներկայումս աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում։ Եվ սա իր հետ տարբեր շատ խնդիրներ է բերում։
«Ավելի լավ քաղաք՝ ավելի լավ կյանք»․ սա քաղաքների համաշխարհային օրվա ընդհանուր կարգախոսն է։ Ավելի լավ քաղաք ունենալու համար շատ մարդկանց ջանք է պետք։ Քաղաքային իշխանությունների դերն այդ գործում, իհարկե, ամենակարևորն է, բայց շատ կարևոր են նաև մարդիկ, ովքեր ապրում են քաղաքում, ովքեր իրենց վարքով ու կենցաղով կերտում են քաղաքի դեմքը։
Եվ, իհարկե, շատ կարևոր է, երբ ոչ թե պարզապես ապրում ես քո քաղաքում կամ գյուղում, այլ փորձում ես բացահայտել այն։ Այդպես փորձեցին բացահայտել իրենց քաղաքը՝ Եղվարդը, մեր այսօրվա հյուրերը՝ մասնակցելով նախագծային հետաքրքիր մի աշխատանքի։
Շարունակում ենք ներկայացնել «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթի հաղթող թիմերին, և այսօր այս նախաձեռնության շրջանակում հյուրընկալել ենք Եղվարդի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության, նաև՝ հասարակագիտության ուսուցչուհի Մանյա Սահակյանին ու դպրոցի 11–րդցիներ Թամարա Համբարձումյանին և Միլենա Կոստանյանին։
Թիմը, որի անդամներն են մեր հյուրերը, մասնակցել է մրցույթին ներկայացնելով՝ «Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով Եղվարդն այլ աչքերով» նախագծային աշխատանքը և կարողացել է իր դպրոցի համար վաստակել սմարթ-էկրան․․․





