
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը, իսկ պարադահուկավազքում՝ Գարիկ Մելքոնյանը:
Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը. նրա մրցելույթը նախատեսված է հունվարի 15-ին: Հունվարի 16-ից էլ պայքարը կսկսեն գեղասահորդները:

