Դրսում թեթև սառնություն, իսկ մեր տաղավարից՝ ձեզ ջերմ ողջույն։ Մինչ նոր ընկերներ կմիանան մեզ, պատրաստեք մեկ բաժակ տաք թեյ և մի մոռացեք տաք հագնվելու մասին։
Հիշո՞ւմ եք Զարթուցիչի անդրադարձը «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթին: Պատանիների ու երիտասարդների կողմից գրված բնապահպանական լավագույն հեքիաթները ներառվելու էին ժողովածուում։
Դե ինչ, մրցույթն ամփոփված է, իսկ ժողովածուն՝ պատրաստ: Հիշեցնենք, որ հեքիաթները պետք է նվիրված լինեին բնապահպանական որևէ խնդրի, առաջարկեին հնարավոր լուծում, լինեին ուսուցողական և ցույց տային բնության դերն ու նշանակությունը՝ մեզնից յուրաքանչյուրի կյանքում։

Եկեք տեղափոխվենք «Դարան — Հայ գիրք» գրախանութ՝ որտեղ տեղի է ունենալու Բնապահպանական հեքիաթների գրքի շնորհանդեսն ու մրցանակների հանձնումը: Այստեղ են բոլոր այն մասնակիցները, որոնց հեքիաթները տեղ են գտել Բնապահպանական հեքիաթների գրքում: Տեսնենք, թե ինչ կպատմեն մասնակիցները, մինչ կհանդիպենք Եվա Սարիբեկյանին, ով «Բնապահպանական հեքիաթներ» մրցույթի 2 հաղթողներից մեկն է՝ իր «Ծննդյան նվերը» հեքիաթով:






