Այսօր հունվարի 16-ն է, օրացույցը հուշում է, որ այս առավոտը կարելի է սկսել լեգենդար «Բիթլզ» խմբի հետ․ արդեն 24 տարի է, ինչ հունվարի 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է որպես «The Beatles» խմբի համաշխարհային օր։
Եթե անգամ դուք անձամբ խմբի երկրպագուն չեք, տղաներ ու աղջիկներ, ձեր տան ավագների՝ մայրիկների, հայրիկների, տատիկների և պապիկների դեմքին «The Beatles»-ի մասին հիշատակությունն անգամ ժպիտ կբերի․ չէ՞ որ նրանցից շատերն իրենց պատանեկության և երիտասարդության տարիներին հենց այս խմբի երգերն էին փնտրում ամենուր, միմյանց փոխանցում խմբի ձայնագրությունները, երգերի բառերն էին գրում, սովորում, լսում, սիրում․․․
Մի խոսքով՝ դարակազմիկ երևույթ էր «Բիթլզ» խումբը․ այսինքն մի բան, որը նոր դարաշրջան է բացում։ Իսկ այս խումբը հենց այդպիսին էր․․․
Արդեն 24 տարի է, այս օրը՝ հունվարի 16–ը, «The Beatles»–ի տարբեր ժամանակների երկրպագուների համար սկսվում է խմբի սիրելի ու հանրահայտ երգերով։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ 1957 թվականի հունվարի 16–ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ էլ սկսեցին իրենց ճանապարհը երգարվեստում այն ժամանակ դեռ անհայտ երեք երաժիշտներ` Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարտնին և Ջորջ Հարիսոնը։ Մի քանի տարի անց նրանց միացավ նաև ապագա մեկ այլ բիթլ՝ Ռինգո Սթարը։
«The Beatles»-ի առաջին ելույթը հենց որպես խումբ նույն ակումբում տեղի ունեցավ 1961 թվականի փետրվարի 9-ին։ Խումբը դարձավ ակումբի համերգների մշտական մասնակիցը, իսկ 1963 թվականին «Please Please Me» սինգլի ի հայտ գալուց հետո սկսվեց «Բիթլզ» խմբի համաշխարհային ճանաչման շրջափուլը։
Աշխարհում սկսվեց խենթության մի ժամանակաշրջան, որն անգամ անվանում ստացավ՝ բիթլոմանիա, և որից ինչ-որ մաս ձեր տան ավագներին էլ է բաժին հասել երևի․․․
Այս երգը՝ «Yesterday»-ը համարվում է լիվերպուլյան քառյակի ամենահայտնի երգը։ Այն առաջին անգամ հնչել է 60 տարի առաջ՝ 1965 թվականին, իսկ 1999-ին BBC-ի հարցման համաձայն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգ։
Եվս մի քանի հետաքրքիր տեղեկություն հայտնի քառյակի մասին․․․
1967 թվականի հունիսին «The Beatles»-ը դարձավ առաջին խումբը, որի ելույթն արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվեց ողջ աշխարհով մեկ․ այդ օրը խմբի ելույթը դիտեց ավելի քան 400 միլիոն մարդ։
1969 թվականի հունվարի 30-ին «The Beatles»-ը հանդես եկավ համերգով, որը տեղի ունեցավ Լոնդոնի շնքերից մեկի տանիքին։ Սա դարձավ հռչակավոր խմբի վերջին կենդանի կատարումը։ «Բիթլզի» նախապես չհայտարարված այս ելույթը հունվարյան ցուրտ օրվա ճաշի ժամին հսկայական բազմություն հավաքեց: Բայց եղան նաև մարդիկ, ում դուր չեկավ սա։ Կանչված ոստիկանությունը դադարեցրեց այսպես կոչված «անկարգությունը»: Այդ ժամանակվանից ի վեր «տանիքի համերգը» լեգենդ է դարձել:
2015 թվականի դեկտեմբերին «The Cavern» ակումբը լեգենդար քառյակին պատկերող հուշարձան նվիրեց Լիվերպուլ քաղաքին․ դա արձանախումբ է, որը պատկերում է Ջոնին, Փոլին, Ջորջին և Ռինգոյին, որոնք քայլում են առափնյա ճանապարհով։ Ու՞ր են քայլում նրանք․ երևի՝ դեպի ապագա, որտեղ միշտ հնչելու են նրանց երգերը։





