Զարթուցիչ

Զբոսանք աշխարհի կենդաբանական այգիներում․ Զարթուցիչ

Օրացույցը հիշեցնում է, որ հայտնի մարդկանցից այս օրն է ծնվել անգլիացի գրող Ջորջ Բայրոնը։ Նա գրել է բանաստեղծություններ ու պոեմներ։ Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել նաև հայ գրողներն ու բանաստեղծները՝ Հովհաննես Թումանյանը, Ղևոնդ Ալիշանը և այլք։

Հունվարի 22-ը նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն։ Նա ծնվել է 1921 թվականին Երևանում։ Երաժշտական ունակություններով Առնո Բաբաջանյանն աչքի է ընկել վաղ մանկությունից՝ երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ Կոմպոզիտորը գրել է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նրա շատ ստեղծագործություններ մեզ հայտնի են կինոֆիլմերից։

Օրացույցից տեղեկանում ենք նաև, որ այսօր պայթող եգիպտացորենի՝ այսինքն պոպ-կորնի ծննդյան օրն է։ Ուրեմն կարելի է այսօր տանը պոպկորն պատրաստել։ Իսկ գիտե՞ք ինչպես պատրատել։ Վերցնում ենք խորը թավա, մի փոքր բուսայուղ ու աղ ենք լցնում ու թողնում ենք փոքր-ինչ տաքանա։ Այնուհետև ավելացնում ենք երկու, երեք ճաշի գդալ եգիպտացորեն ու թավան ծածկում ենք կափարիչով։ Մի քանի վայրկյանից կնկատենք, որ եգիպտացորենի հատիկներն սկսում են պայթել ու այս ու այն կողմ թռչել։ Սպասում ենք ևս մեկ, երկու րոպե և մեր պոպկորն ամբողջովին պատրաստ է։ Մնում է մի լավ ֆիլմ գտնել, տաք ծածկոցով ծածկվել ու դիտել։

Հաղորդման վերջին հատվածում մի քանի րոպեով կտեղափոխվենք կենդանիների զարմանալի աշխարհ՝ լսելու Նելիի և Սոնայի պատրաստած էջը՝ աշխարհի կենդանաբանական այգիների մասին։

Կենդանաբանական այգիները վայրի կենդանիների և թռչունների պահպանության և ցուցադրության յուրօրինակ վայրեր են, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն ծանոթանալու նաև աշխարհի հազվագյուտ, կամ վտանգված կենդանիների և նրանց բնորոշ առանձնահատկությունների հետ։ Աշխարհի բոլոր կենդաբանական այգիները մեզ հիշեցնում են կենսաբազմազանության կարևորության մասին և սեր ու հոգատարություն ներշնչում այդ ամենի հանդեպ։ Օրինակ, գիտե՞ք, որ Չինաստանի Չենդու քաղաքում կա պանդաների բուծման մեծ կենտրոն։ Այստեղ աշխատակիցները բացառապես զբաղվում են այս նրանց պահպանության և բուծման գործով։

Գալապագոսյան կղզիների ազգային պարկում կարելի է տեսնել հսկա կրիաների և այլ էնդեմիկ տեսակների, որոնց միայն այդ տարածքում կարող ենք հանդիպել։ Իսկ աշխարհի ամենահին կենդանաբանական այգին՝ Վիեննայում է։ Այն հիմնադրվել է 1752 թվականին։ Այս այգին այցելուներին հիացնում է ոչ միայն հարուստ պատմությամբ, այլ նաև կենդանիների պահպանության հարցում ժամանակակից մոտեցումներով։ Այդպիսի այգիներ շատ կան։ Օրինակ Սան Դիեգոյի կենդանաբանական այգին, Կոլումբուսի կենդանաբանական այգին, Բեռլինի, Մոսկվայի, որոնք գործում են արդեն ավելի քան 150 տարի և այնտեղ բնակվում են 8000-ից ավել կենդանիներ՝ իրենց բազմազան տեսակներով։ Այդ այգիները կարծես վայրի բնության փոքրիկ տարածքներ լինեն, որտեղ մարդիկ կարող են անմիջական շփում ունենալ կենդանիների հետ, իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները։ Ու հիշեցնում են այն մասին, որ բոլորս պատասխանատու ենք մեր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի պահպանության համար։ Հիշենք՝ բնությունը մեր տունն է, և այն պահպանելը բոլորիս պարտականությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button