Ամեն տարի հունվարի 23-ին աշխարհում նշվում է Ձեռագրի օրը։ «Ձեռագիր» բառը նշանակում է ձեռքով գրված։ Իհարկե, հաճախ «ձեռագիր» ասելով հասկանում ենք նաև այս կամ այն գրողի կամ գիտնականի անտիպ բնագիրը, որը պարտադիր չէ, որ ձեռքով գրված լինի։ «Ձեռագիր» ենք անվանում նաև գրչագիր մատյանները, բայց հունվարի 23-ը հե՛նց պարզ ստուգաբանությամբ ձեռագրի օրն է․ այն, որն ունենք բոլորս, և որը ձևավորվում է առաջին դասարանից սկսած։
Մեկ մասնիկ, երկրորդը, երրորդը, հետո տառն է ծնվում մեր տետրերում, հետո բառեր ենք շարում կողք կողքի, նախադասություններ կազմում և․․․
–Ի՜նչ գեղեցիկ ձեռագիր ունես,– գովում է մեզ ուսուցիչը․․․
–Վա՜յ, ինչու՞ մասնիկներդ համաչափ չեն․ աշխատիր ձեռագրիդ վրա, — ասում է նույն ուսուցիչը մեկ ուրիշին․․․
Գուցե դուք էլ հիշեցիք Հովհաննես Թումանյանի հայտնի ոտանավորը․
«Ի՞նչ կլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճռճռում է ու խազմզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես:»
Իհարկե, ագռավի ճանկերի համար գրիչն ամենևին մեղավոր չէ․ մեր գեղեցիկ կամ տգեղ ձեռագրի պատասխանատուն հենց մենք ենք։ Եվ պարզվում է, որ այն ոչ միայն մեր աշխատասիրության մասին է խոսում, այսինքն ՝ այն մասին, թե որքան կաշխատենք սիրուն տառեր ստանալու համար, այլ նաև մեր ներաշխարհի և բնավորության մասին։ Համենայնդեպս, այսպես են ասում գիտնականները։
Հոգեբանները, ի դեպ, ձեռագրերի օգնությամբ կարողանում են հստակ պատկերացում կազմել մարդու մասին։ Պարզվում է՝ կան բնութագրիչներ, որոնք թույլ են տալիս դա անել․ տառերի չափը, ձևը, թեքվածությունը, ի՞նչ ուղղություն ունեն դրանք բառերի մեջ, գրելիս որքա՞ն ուժեղ է գրիչը սեղմվում թղթին, ձեռագրի ընդհանուր գնահատականը:
Եվ քանի որ մարդը կյանքի ընթացքում փոխվում է, և փոփոխվում է նրա ուղեղի աշխատանքը ևս, տարիների հետ փոփոխության կարող է ենթարկվել նաև նրա ձեռագիրը։ Ինչպես և լինում է շատ հաճախ։
Ձեռագրի համաշխարհային օրը սահմանվել է հիշեցնելու համար բոլորիս այն, թե որքան յուրօրինակ երևույթ է ձեռագիրը, որքան անհատական է ու որքան բան կարող է պատմել ամեն մեկիս մասին։
Էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միջոցները մարդկանց ավելի ու ավելի են հեռացնում ձեռագիր տեքստով հաղորդակցվելու մշակույթից, անցյալ են դառնում ձեռագիր նամակները, հույզերը բառեր դարձնելու հմտությանը փոխարինում են ամեն տեսակ էմոջիները։ Դե, իհարկե, արագությունների մեր ժամանակաշրջանում ո՞վ ժամանակ ունի մտքերը երկար-բարակ շարադրելու․ մեկ բառ, երկու սմայլիկ և․․․ասելիքն ասվեց։ Բայց ասվե՞ց որ, մի՞թե մեր ասելիքն այդքան աղքատիկ է դարձել, մեր հույզերը՝ այդքան պարզ։
Հիմա էլ մեր տատիկների ու պապիկների դարականերում ձեռագիր նամակներ կան պահված․ այն նամակներն են, որոնք շատ կարևոր են իրենց համար, իրենց կյանքի մի հատվածի մասին թանկ հիշողություններ են։ Եթե խնդրեք ու նրանք ցույց տան այդ նամակները ձեզ, շատ բան կպարզեք գրողի մասին․․․
Ուշադիր եղեք ձեր ձեռագրին․ այն ձեր անհատականության շատ կարևոր մասն է․․․





