Զարթուցիչ

Մեր Երկիր մոլորակը. Զարթուցիչ

Միասին սկսում ենք նոր օրը՝ մարտի 20-ը, որը, ինչպես հիշեցնում է օրացույցը, Երկիր մոլորակի օրն է․․․«Հաստա՞տ այդ օրն է,-հնարավոր է կասկածեցիք շատերդ,-ոնց որ թե ապրիլին էր Երկրի օրը»։

Բանն այն է, որ միջազգային տոնացույցում նույն՝ «Երկրի օր» անունով, երկու տոն կա, որոնցից մեկը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 20-ին, այսինքն՝ այսօր, իսկ մյուսը՝ ապրիլի 22-ին։

Այսօրվա տոնի ուղերձը խաղաղությունն ու հումանիզմն է, նպատակը՝ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնելը, որ տիեզերական անսահմանության մեջ պտտվող Երկիր մոլորակը բոլորիս ընդհանուր տունն է, որի համար պատասխանատու ենք բոլորս։

Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող իրադարձությունների, ռազմական բախումների, բնության հանդեպ անխնա վերաբերմունքի մասին ամենօրյա լրահոսում հայտնվող տեղեկությունները, իհարկե, ամենևին չեն վկայում այն մասին, որ մարդկությունն այդ պատասխանատվությունը լավ է հասկանում։ Բայց տարվա մեջ այսպիսի օրերը մի քիչ սթափեցնող են և մտածելու առիթ են տալիս։

Օրը նշելու տարբեր ավանդույթներ կան, դրանցից մեկն էլ ծառատունկն է՝ Մայր Երկրին ծառ ու ծաղիկ նվիրելու հրաշալի ավանդույթը, որին կարող է հետևել մեզնից յուրաքանչյուրը՝ առանձին կամ ընկերների ու ընտանիքի հետ։

Մեկ ուրիշ լավ նախաձեռնություն է շրջապատը աղբից մաքրելը, և իհարկե ամենևին պարտադիր չէ, որ մեզ այս մասին հիշեցնեն։ Միլիարդավոր առավոտներ տեսած Երկիր մոլորակն այսօր էլ արթնացել է ու սկսում է իր հերթական օրը։ Ի՞նչ է սպասում մեզնից՝ բոլորիցս․ խնամք, սեր, հոգածություն և խնդրում է, որ ոչ միայն բառերով ասենք, այլ իրապես հասկանանք որ ի՛նքն է մեր միակ տունը այս մեծ տիեզերքում։

Ի դեպ, ասում են, որ այս օրը՝ Երկրի օրը, շատ են սիրում տիեզերագնացները, որովհետև հենց նրանք են «մարդկություն» կոչվող տեսակի այն ներկայացուցիչները, ում բախտ է վիճակվել սեփական աչքերով տեսնել, թե անծայրածիր տիեզերքում որքան պստիկ է, որքան սիրուն է ու որքան անպաշտպան է մեր կանաչ–կապույտ մոլորակը։

Գիտեի՞ք, որ մեր մոլորակն իր դրոշն էլ ունի, ճիշտ է՝ ոչ պաշտոնական։ Այն մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված Երկրի լուսանկարն է, որն արվել է տիեզերքից «Ապոլլոն 17»-ի տիեզերագնացների կողմից։

Սա, ինչպես ասացինք, ոչ պաշտոնական դրոշ է, բայց շատերն են սկսել արդեն մտածել այն մասին, որ քանի որ մարդկությունն օր օրի մոտենում է միջմոլորակային ուղևորությունների շրջանին, արժե, որ մեր մոլորակն իր պաշտոնական դրոշն էլ ունենա։

Այդպիսի մի դրոշի դիզայնի հեղինակը շվեդ Օսկար Պերնեֆելդն է Շվեդիայի «Բեկմանս» դիզայնի քոլեջից։ Մոտ տասը տարի առաջ նա ստեղծեց դրոշ, որն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնի վրա հատվող 7 սպիտակ օղակներ: Դրանք կենտրոնում ծաղիկ են ձևավորում, որը խորհրդանշում է կյանքը Երկրի վրա: Օղակները կապված են միմյանց հետ, ինչը նշանակում է, որ ամեն ինչ Երկրի վրա ուղղակի կամ անուղղակի կապված է: Կապույտ ֆոնը խորհրդանշում է ջուրը, որը կարևոր նշանակություն ունի կյանքի համար, ինչպես նաև օվկիանոսները, որոնք ծածկում են երկրի մակերևույթի մեծ մասը:

Դրոշը նախագծվել է, ինչպես ասացինք,  ապագա տիեզերական ճանապարհորդությունների համար, քանի որ տիեզերագնացները ոչ միայն ներկայացնում են իրենց պետությունները, այլ նաև ամբողջ Երկիր մոլորակը: Մի խոսքով՝ Երկիր մոլորակի յուրօրինակ խորհրդանիշ է այս դրոշը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button