Զարթուցիչ

Ապրիլի 1-ը՝ Ծիծաղի և Թռչունների միջազգային օր

Ասում են՝ այսուհետ պաղպաղակները և կոնֆտեները կրպակներում անվճար են լինելու։ Հա՜, բայց ինչ լավ կլիներ՝ սկզբում ասեինք, որ այսօր ապրիլի 1-ն է․․․

Ծիծաղի օրը, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 1-ին, միջազգային տոն է և նշվում է աշխարհի շատ երկրներում։ Այդ օրը մենք կատակում ենք մեր հարազատների, ընկերների ու ծանոթների հետ։ 

Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղից է սկիզբ առել այս տոնը՝ Ֆրանսիայի՞ց, Անգլիայի՞ց, Մեքսիկայի՞ց, թե՞ Շվեդիայից։ Բայց տոնի ծագման մասին այնուամենայնիվ հետաքրքրաշարժ վարկածներ կան․ օրինակ կա վարկած, որ ապրիլի 1-ը շատ երկրներում ի սկզբանե նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի օր և համընկնում էր Զատկի տոնին։ Գարնանային այդ տոնակատարությունները միշտ ուղեկցվում էին զվարճալի կատակներով։ 

Տոնի ավանդույթը դեռ պահպանվում է։ Կարծիք կա, որ պատճառը հենց բնությունն է, քանի որ գարնան քմահաճույքները՝ մեկ տաք է, մեկ ցուրտ է․․․․ մարդիկ փորձում էին անցկացնել կատակներով։ Բացի այդ՝ տարբեր երկրներ ունեն իրենց բնորոշ ավանդույթները։ Մի շարք երկրներում ապրիլմեկյան կատակները սովորաբար արվում են միայն ճաշից առաջ։ Այսինքն՝ երեկոյան կատակնեն արդեն ընդունելի չէին և համարվում էին  ոչ տեղին։ 

Իսկ, օրինակ, Իտալիայում տոնի խորհրդանիշը ձուկն է։ Մի խոսքով՝ Իտալիայում ձկան օր է։

Մի խոսքով՝ այսօր կատակների, բարձր տրամադրության ու ծիծաղելու օր է: Բայց․․․չմոռանանք  կարևոր մի պայման․ այն, որ մեր կատակները լինեն բարի մտադրությամբ: Չէ՞ որ ծիծաղն ու զվարճանքն անբաժան են մեզնից, իսկ հումորն ամեն օր ուղեկցում է մեզ, հաճախ օգնում է նույնիսկ դժվար  իրավիճակներում։ Եվ, ինչպես ժողովուրդն է ասում, ծիծաղը երկարացնում է մեր կյանքը։ Եվ շարունակելով օրվա թեման՝ զրուցենք դպրոց շտապող մեր հասակակիցների հետ՝ պարզելու, թե ինչ կատակներով են այսօր մտնում դպրոց:

Դե ինչ, խոսեցինք Ծիծաղի օրվա մասին, հույս ունենք, որ դուք նույնպես մի քանի զավեշտալի ապրիլմեկյան կատակներ եք մտածել և այսօր իսկապես մի լավ կծիծաղեք։

Հիշեցնենք, որ այսօր նաև Թռչունների միջազգային օրն է: Մանավանդ գարնան այս օրերին նրանք ամենուր են՝ այգիներում, պուրակներում ու դաշտերում։ Իսկ եթե մի փոքր էլ ուշադիր լինենք, կտեսնենք նրանց մեր պատուհանագոգերին : 

Այս միջազգային օրվա նպատակն է՝ պահպանել թռչունների տեսակների կենսաբազմազանությունը և թվաքանակը: Օրը սկիզբ է առել 1894 թվականին՝ ամերիկյան Փենսիլվանիա նահանգում՝ որպես տոն՝ երեխաների համար: Այնուհետև՝ մարդիկ սկսեցին կարևորել, հարգել ու սիրել տոնի գաղափարը, և, մեդիայի շնորհիվ, այն տարածվեց ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, իսկ ավելի ուշ՝ Եվրոպայում: 

Ներկայումս աշխարհի շատ երկրներում Թռչունների միջազգային օրն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակում և ուղեկցվում է տարբեր ակցիաներով, մրցույթներով, ֆլեշմոբերով և այլ միջոցառումներով, որոնք կազմակերպում են բնապահպանական, կրթական և մշակութային հաստատությունները, ինչպես նաև՝ բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում թռչունների մասին:

Հաղորդման վերջին հատվածում լսեք Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանին, որը կպատմի թռչունների զարմանահրաշ առանձնահատկությունների, նրանց բնավորության ու վարքագծի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button