Զարթուցիչի «Թանգարանային պատմություններ» էջում այսօր պատմելու ենք Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին, որտեղ այցելել էինք օրեր առաջ՝ գրողի մասին հայտնի ու անհայտ փաստեր իմանալու։
Երևանից Գյումրի հասանք 120 րոպեում, իսկ Վարդանանց հրապարակից դեպի թանգարան քայլեցինք մոտավորապես տասը րոպե։ Գյումրու Վարպետաց փողոցում է գտնվում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը՝ բանաստեղծի հայրական տունը, որը կառուցել է նրա պապը՝ Նիկողայոս Իսահակյանը։
Լ.Ա.- Մենք գտնվում ենք Իսահակյանի հուշատուն թանգարանում, որը կառուցվել է 1829 թվականին։ Այս տանն է ծնվել բանաստեղծը ու ապրել մինչև 36 տարեկանը:

Թանգարանում մեզ ուղեկցում է գիտաշխատող Լիլիթ Ավետիսյանը։
Լ.Ա. — «Լավագուն տարիներս այս տան մեջ եմ ապրել»,- ասում էր Ավետիքը։ «Հորս, մորս, եղբայրներիս, քույրերիս հոգատարության, ջերմության ներքո»։ Եվ իր լավագույն գործերն էլ հենց հայրենի քաղաքում է կերտել Իսահակյանը։
Թանգարանը բաղկացած է երկու մասից՝ հուշատնից և բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող սրահից։
Լ.Ա. — Հիմա մենք գտնվում ենք հուշատանը․․․․Գրողի աշխատասենյակն է․․․․
«Տան հյուրասենյակում դուք կզգաք հանճարեղ մարդկանց շունչը», -ասում է Լիլիթն ու պատմում, թե հայ մեծերից ովքեր են նստել սեղանի շուրջ ու զրույց արել։
Լ.Ա. — Այս սեղանի շուրջ նստել է Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Գարեգին Լևոնյանը…. Ավետիք Իսահակյանը թեյ և սուրճ շատ է սիրել։ Դա է վկայում հյուրասենյակի մի անկյունում դրված ինքնաեռը։ Այս տնից առանց թեյ խմելու ոչ ոք չէր հեռանում…
Հետո Լիլիթ Ավետիսյանը մեզ ուղեկցեց նաև Իսահակյանի ծնողների սենյակ։ Այստեղ էլ պահպանվում են բանաստեղծի մոր՝ Ալմաստ Ղլճյանի անձնական իրերը ու նաև Իսահակյանի օրորոցը։

Շարունակենք շրջել Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատանն ու պարզենք, թե ինչ կահ-կարասի են Իսահակյաններն օգտագործել իրենց խոհանոցում։ Ի դեպ այստեղ էլ ինքնաեռ կա․․․
Թանգարանում մեր վերջին կանգառը հացատուն-թոնրատունն է, որը եղել է Իսահակյանի ամենասիրելի սենյակը։ Իսկ գիտե՞ք ինչու։ Լսե՛ք մեր ռեպորտաժն ամբողջությամբ:
Ահա այսպիսի հետաքրքիր զրույց Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանագարանից Զարթուցիչի համար։ Երբ մի օր լինեք Գյումրիում, անպայման այցելեք ու ձեր աչքով կտեսնեք այն ամենն ինչի մասին պատմեց թանգարանի գիտաշխատող Լիլիթ Ավետիսյանը։ Իսկ մենք շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ թանգարանը գտնվում է Վարպետաց փողոցում։ Տեղը ձեզ ցույց կտա յուրաքանչյուր գյումրեցի․․․





