Ապրիլի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Մշակույթի միջազգային, ինչպես նաև՝ Էկոլոգիական իրազեկման օրը։
Մշակույթի միջազգային օր նշելու գաղափարը ծնվել է 1998 թվականին՝ Մշակույթի պաշտպանության միջազգային լիգայի կողմից, որը հասարակական կազմակերպություն է, և որի գործունեությունն ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության և կրոնի պաշտպանությանն ու տարածմանը։
Տոնը սկսեց լայնորեն տարածվել և նույնիսկ նշվեց մի շարք երկրներում։ 2008 թվականին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի և Լիտվայի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց մի շարժում, որի նպատակն էր՝ ապրիլի 15-ը սահմանել՝ որպես Մշակույթի համաշխարհային օր։
Հիմա բազմաթիվ երկրներում անցկացվում են տարբեր տոնական միջոցառումներ, գալա համերգներ, ազգային մշակույթների ցուցահանդեսներ, գիտաժողովներ և դասախոսություններ՝ տարբեր մշակութային թեմաներով։
Այսօր՝ ապրիլի 15-ին, նշվում է նաև Էկոլոգիական գիտելիքի կամ Էկոլոգիական իրազեկման օրը։
1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում՝ Միավորված ազգերի կազմակերպության համաժողովում քննարկվեցին բնապահպանական տարբեր խնդիրներ և առանձնացվեց բոլոր երկրների բնակչության բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը՝ մարդկության գոյատևման և մոլորակի կայուն զարգացման համար:
Օրվա հիմնական նպատակն է՝ բարելավել բնապահպանական գիտելիքները, ձևավորել բնապահպանական մշակույթ, հասարակությանը իրազեկել շրջակա միջավայրի անվտանգության և ներկայումս առկա վիճակի մասին, ինչպես նաև՝ կրթել և պատրաստել էկոլոգիապես սրտացավ քաղաքացու:
«Էկոլոգիա» տերմինը ծագել է հունարեն «oikos» — տուն, ապաստան և «լոգո» — գիտություն, ուսուցում բառերից։ Առաջին անգամ գիտության մեջ բառը գործածել է գերմանացի կենսաբան Էռնստ Հեկելը 1866 թվականին։ Այսօր համարվում է, որ էկոլոգիան օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների գիտությունն է։ Հետևաբար, մարդկության՝ շարունակ աճող կարիքների և մոլորակի առողջության միջև կարևոր է հասնել ճիշտ հավասարակշռության։
Սա նշանակում է, որ պետք է պահպանել բնության՝ արդեն իսկ վատթարացող վիճակը։ Մեր ժամանակներում բոլորը պետք է տիրապետեն բնապահպանական գիտելիքների նվազագույն պաշարին և շրջակա աշխարհի հետ գրագետ շփվելու կանոններին: Էկոլոգիական իրազեկման օրը կարևոր է ոչ միայն ոլորտում ներգրավվածների, այլ նաև՝ մեր մոլորակի բոլոր բնակիչների համար, քանի որ այն մեզնից յուրաքանչյուրի համար անվտանգ կյանքի և առողջության պահպանման մասին է:





