Զարթուցիչ

Ապրիլի 29-ը՝ Պարի միջազգային օր. Զարթուցիչ

Պարը բարելավում է հիշողությունը՝  գիտեի՞ք այդ մասին։ Երբ մենք պարելիս փորձում ենք անգիր հիշել վարժությունների ու բարդ քայլերի հաջորդականությունը, մեր ուղեղը ձանձրանալու ժամանակ չի ունենում։ Սա էլ թույլ է տալիս պահպանել մարմնի արագ արձագանքը և օգնում է ուղեղին երիտասարդ ու ճկուն մնալ։

Այո, հետազոտությունները ցույց են տվել, որ պարը բարելավում է մեր ռեֆլեքսներն ու կոորդինացիան, ինչն էլ իր հերթին օգնում է ամրապնդել նյարդային համակարգը։ 

Իսկ դուք սիրո՞ւմ եք պարել։ 

Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ՝ սկսած 1982 թվականից։ 

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է նշվում հենց ապրիլի 29-ին․․․որովհետև այս օրն է ծնվել  ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերը, որը պարի տեսաբան էր և պատմության մեջ հիշվում է, որպես «ժամանակակից բալետի հայր»։

Նախաձեռնողների և հիմնադիրների կարծիքով՝ այս տոնի հիմնական գաղափարը բոլոր պարային ոճերը միավորելն է՝ որպես մեկ արվեստի ձև։ Պարը նպաստում է   քաղաքական, մշակութային և էթնիկ սահմաններն ամրապնդելուն, ինչպես նաև՝ մարդկանց միջև բարեկամություն և խաղաղություն ապահովելուն։

Պարը թույլ է տալիս խոսել մեկ լեզվով, և դա պարի լեզուն է։ Հին ժամանակներում պարը եղել է հեթանոսական, կրոնական ծեսերի, ինչպես նաև՝ մարտերի, աշխատանքի և այլ տոների շատ կարևոր արարողակարգ։ Այսօր այն համարվում է սպորտ, արվեստ, մասնագիտություն և հանգստի միջոց ու սիրված է շատերի կողմից։

Ամեն տարի՝ ապրիլյան այս օրը, օպերայի և բալետի թատերախմբերը, ժամանակակից պարային խմբերն ու ստուդիաները, պարահանդեսային և ժողովրդական պարերի անսամբլները․․․ թե՛ պրոֆեսիոնալ ու թե՛ սիրողական արտիստները նշում են իրենց մասնագիտական ​​տոնը։ Եվ իհարկե, տոնին են միանում բոլոր նրանք, ովքեր պարզապես սիրում են պարել։

Օրը տոնում են տարբեր կերպ՝ ավանդական համերգներ, ներկայացումներ, պարային ֆլեշմոբեր և վարպետության դասեր։ Ի դեպ, հիշեցնենք, որ Ազգային երգ ու պարի ակադեմիան, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, այսօր նշելու է Պարի միջազգային օրը: Միջոցառումը տեղի է ունենալու երեկոյան՝ ժամը 19։00-ին, Երևանի Ազատության հրապարակում:

Մենք շնորհավորում են պարարվեստի բոլոր նվիրյալներին ու նաև նրանց, ովքեր առանց պարի չեն պատկերացնում իրենց կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button