Զարթուցիչ

Նշում ենք Աշխատանքի օրը. Զարթուցիչ

Այս առավոտը խաղաղ է սկսվել բոլորիս տներում․ մենք դպրոց չենք շտապում, մայրիկիներն ու հայրիկներն էլ աշխատանքի շտապելու խնդիր չունեն, որովհետև մայիսի 1–ն է այսօր, իսկ մայիսի 1–ը  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված է որպես Աշխատանքի օր և տոնական օր է։

Մի խոսքով՝ տանն ենք այսօր և դա շա՜տ լավ է․․․

Աշխարհի ավելի քան հարյուր պետությունում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով․ Աշխատանքի օր, Աշխատանքի տոն, Գարնան և աշխատանքի տոն, Աշխատավորների համերաշխության օր․․․ տարբեր երկրներում տարբեր են օրվա անվանումները, բայց նույնն է այս տոնի ծագման պատմությունը, որը շատ համառոտ կներկայացնենք հիմա։ 

Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորների բողոքի գործողություններ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել:

Մայիսմեկյան տոնակատարություններն ի սկզբանե բողոքի դրսևորում էին՝ ի պաշտպանություն բանվորների աշխատանքային իրավունքների։ Բայց ժամանակ է անցել և,չնայած մեր օրերում էլ առիթներ են լինումանդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին, բայց մայիսի մեկը վաղուց արդեն գարնան տոնացույցի գեղեցիկ տոներից մեկն է դարձել, որը երբեմն անցնում է որպես պարզ, սովորական հանգստյան օր, երբեմն՝ դառնում  մի լավ ու սիրուն հիշողություն ողջ ընտանիքի համար։

Օրը նոր է սկսվում և, իհարկե, դեռ ժամանակ կա որոշելու, թե ոնց կանցկացնենք այն․ կարելի է գնալ բության գրկում գարնան գույները վայելելու, կարելի է իրագործել ընտանիքով արշավի գնալու երազանքը, բայց, իհարկե, եթե հայրիկն ու մայրիկը դեռ քնած են, նրանց առայժմ արթնացնել չարժե․․․մայիսի 1–ը նախևառաջ նրանց տոնն է, և նրանք իհարկե մի քիչ լիցքաթափվելու իրավունք ունեն․․․

Ցուցադրել ավելի
Back to top button