Ավտոմրցաշարերի սիրահարներ ունե՞նք։ 1950 թվականի այս օրը՝ մայիսի 13-ին, տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։ «Ֆորմուլա 1»-ը միջազգային մակարդակով համարվում է ավտոմրցաշարերի ամենաբարձր դասը։
Այժմ փոքրիկ անդրադարձ այսօր տեղի ունեցող 2 հետաքրքիր իրադարձությունների մասին․ Կաննի միջազգային կինոփառատոն և Միջազգային Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ։
Ֆիլմասեր ընկերներ, այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր ու շքեղ կինոփառատոններից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Քաղաքն այս օրերին վերածվում է կինոյի համաշխարհային կենտրոնի՝ հյուրընկալելով ամենահայտնի ռեժիսորներին, դերասաններին ու երիատասարդ տաղանդներին։
Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է, որը, ժյուրիի որոշմամբ, տրվում է տարվա լավագույն ֆիլմին։ Սակայն այս փառատոնը միայն կարմիր գորգի ու փայլուն հանդերձանքների մասին չէ։ Հենց այս փառատոնն է բացահայտում նոր ֆիլմեր, ինչպես նաև՝ արվեստին ու հասարակությանն առնչվող խնդիրներ։ Այս տարի ևս մեզ սպասվում են համաշխարհային պրեմիերաներ։ Եթե սիրում եք այս աշխարհը, ապա՝ այսօր կինոսիրողների տոնն է։
Խոսեցինք Կաննի միջազգային կինոփառատոնի մասին, իսկ այժմ՝ հրավիրում ենք երաժշտասերների ուշադրությունը։ Ողջ երաժշտական աշխարհը կրկին վերածվում է մեծ բեմի՝ Միջազգային Եվրատեսիլ երգի մրցույթին ընդառաջ։ Այսօր տեղի է ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ 15 երկրների պատվիրակները ներկայացնելու են իրենց կատարումները՝ հույս ունենալով անցնելու եզրափակիչ փուլ։
Այս տարի մրցույթը անցկացվում է Շվեդիայում։ Ի դեպ, Շվեդիան արդեն 6 անգամ դարձել է հաղթող։ Տարածված կարծիք կա, որ Եվրատեսիլը պարզապես շոու է, բայց իրականում տարբեր մշակույթների ու երաժշտական ոճերի համադրության համար այն դարձել է կրեատիվ ու հետաքրքիր հարթակ։ Մրցույթին ամեն տարի հաջողվում է զարմացնել իր երկրպագուներին՝ երբեմն նաև ներկայացնելով համարձակ ու ոչ ստանդարտ ելույթներ։
Առաջիկա օրերին ուշադրությամբ հետևելու ենք, թե որ երկրները կանցնեն եզրափակիչ։ Դե ինչ, Եվրատեսիլը սկսվում է, իսկ երաժշտական անակնկալները՝ դեռ առջևում են։





