Զարթուցիչ

Թռչունների երգչախումբ. Զարթուցիչ

Ես այն մարդկանց շարքում եմ, որոնց ընդունված է «արտույտ» անվանել, այսինքն՝ շուտ արթնացող, և թռչունների առավոտյան երգեցողությունն ինձ միշտ գրավում է։ Մինչև վերջերս ինձ թվում էր, թե թռչունների երգը միշտ և ամենուր նույնն է, ա՛յն երգը, որը ձեզ էլ է շատ ծանոթ՝ Հայաստանի որ հատվածում էլ որ ապրելիս լինեք․ ճնճղուկների դայլայլ, ծիծեռնակի ճլվլոց, մեկ–մեկ, հատկապես գարնանը, մի նոր նոտա, հնարավոր է, դեպի իր հիմնական բնակավայրը չվող նորեկ մի թռչունի կողմից։ Մի խոսքով, թռչունների երգն ինձ միշտ նույնն է թվացել, շատ ծանոթ ու շատ սիրելի։

Եվ երբեք չեմ մտածել, որ կա թռչունների՝ լուսաբացի երգի այլ կատարում, և կան թռչունների լրիվ այլ երգեր։

Օրերս մի քանի օրով Հայաստանից դուրս էի գնացել։ Ճանապարհից շատ հոգնած քնել էի, երբ առավոտ վաղ արթնացա թռչունների լրիվ ուրիշ, անծանոթ մի երգից․ կարճլիկ սուլոցներ, հետո՝ մի քիչ թախծոտ հնչյուններ, հետո մի անսովոր բազմաձայնություն․․․

«Ա՜յ քեզ բա՜ն,–մտածեցի,–փաստորեն, սա լրիվ այլ երգչախումբ է, ու ամեն երկիր ու բնակավայր ունի թռչունների իր երգչախումբը»։

Իսկ դուք այս մասին մտածե՞լ էիք։

Ցուցադրել ավելի
Back to top button