Հայաստանում այսօր առաջին անգամ նշվում է Հայրերի օրը։ Ու թեև տոնն առաջին անգամ է նշվում, բայց, կարծում ենք, հրաշալի առիթ է նրանց լավ տրամադրություն հաղորդելու համար, պարզապես լավ բառեր ասելու, շնորհակալություն հայտնելու և, ինչու ոչ, փոքրիկ անակնկալ անելու օր է։
Այսօր հունիսի 17-ն է և օրացույցից տեղեկանում ենք նաև, որ այսօր Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն ընդունվել է 1995 թվականի հունվարի 30-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից։ Իսկ ինչո՞ւ է օրը համաշխարհային կարևորություն ստացել։
Պատկերացրու, որ մենք մի ամիս ջուր չենք խմելու։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մեզ հետ։ Այ հենց դա է լինում Երկիր մոլորակի հետ, երբ անձրևի բացակայության պատճառով ջրային պաշարները հայտնվում են սպառվելու վտանգի առաջ, բույսերը լավ չեն աճում, կենդանի օրգանիզմները թուլանում են և այս շարքը կարելի է անվերջ թվել։
Դա երաշտն է, այսինքն՝ երկար ժամանակ չկա անձրև, չկա ջուր, ու բնությունը սկսում է չորանալ։ Ի դեպ, հիմա կներկայացնենք մի քանի փաստ, որ իսկապես կարող են զարմացնել քեզ։
- Թեև մենք անմիջապես չենք զգում, բայց մեր շուրջն ամեն վայրկյան, մոտավորապես, մեկ ֆուտբոլի դաշտի չափ հող է չորանում ու դառնում՝ անապատ։
- Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն տարի աշխարհում ավելի քան 55 միլիոն մարդ է տուժում երաշտից, նույնիսկ՝ երաշտի պատճառով շատ երեխաներ ստիպված են լինում թողնել դպրոցը՝ օգնելու իրենց ընտանիքներին։
Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ մենք ևս կարող ենք օգնել մոլորակին։ Գուցե թվում է, թե մենք կապ չունենք երաշտի հետ, քանի որ անապատում չենք ապրում, բայց մեր ամենօրյա քայլերը ևս կարող են դառնալ կարևոր մաս։
Թեև մենք չափահաս չենք, բայց խելացի ենք ու նպատակասլաց։ Սա նշանակում է, որ կարող ենք դառնալ է՛լ ավելի պատասխանատու թե՛ մոլորակի ու թե՛ բնության հանդեպ։ Պարզապես պետք է սկսել այս մի քանի քայլից։
- Առաջին քայլը ջուրը խնայելն է։ Օրինակ՝ երբ մենք ատամները լվանալիս փակում ենք ծորակը։ Սա արդեն կարևոր օգնություն է։
- Երկրորդ քայլը ծառ տնկելն է կամ պարզապես բնությանը հարգանքով վերաբերվելը։ Սա ևս երաշտի ու անապատացման դեմ պայքարի մի ձև է։
- Կարևոր է նաև, երբ սոցիալական ցանցերում կիսվում ենք այս կամ այն էկոլոգիական թեմաներով։ Կարևոր չէ՝ ակտիվ ես սոցցանցերում կամ շատ հետևորդներ ունես, թե ոչ, ընկերներին տեղեկացնելով՝ արդեն իսկ ունենում ենք մեր փոքրիկ ներդրումը։
Եվ վերջում՝ այդ փոքրիկ քայլերը դառնում են մի մեծ ու կարևոր գաղափար, որով առաջնորդվում ենք ու ոգեշնչում մեզ շրջապատող մարդկանց։





