
Հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):
Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

