Էկոակումբ

«Կլիմայի փոփոխությունը ապագայի խնդիր չէ, այն արդեն ներկայում է»․ Էկոակումբ

Միջազգային բանակցություններ, գլոբալ համաձայնագրեր, բնապահպանական խնդիրներ… Հարցեր, որոնք միավորում են ժողովուրդներ, մշակույթներ ու համայնքներ: Խոսքը կլիմայի փոփոխության մասին է, և այն կարևոր հարթակի, որտեղ այս թեմայով որոշումներ են կայացվում: Երբևէ լսե՞լ եք COP համաժողովի մասին։ Այն հապավում է՝ Conference of the Parties, որը անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակում։ Ամեն տարի աշխարհի գրեթե բոլոր երկրները հավաքվում են մեկ վայրում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է դանդաղեցնել կամ կանխել կլիմայի փոփոխության ամենավտանգավոր հետևանքները։

COP համաժողովների ընթացքում քննարկվում են մի քանի հիմնական հարցեր։ Առաջինը՝ ինչպես նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Երկրորդը՝ ինչպես հարմարվել արդեն տեղի ունեցող փոփոխություններին։ Եվ երրորդը՝ ինչպես աջակցել այն երկրներին, որոնք չունեն բավարար ռեսուրսներ այդ ամենը ինքնուրույն իրականացնելու համար։

Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը խորթ թեմա չէ։ Մենք արդեն տեսնում ենք դրա ազդեցությունը՝ հատկապես ջրի ռեսուրսների և գյուղատնտեսության վրա։ Հետևաբար, COP-ի նման հարթակներում մասնակցությունը կամ հյուրընկալումը կարող է ունենալ շատ կոնկրետ արդյունքներ։

Ամեն տարի COP-ի շրջանակներում որոշվում են կարևոր քայլեր՝ ինչպես նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես պաշտպանել շրջակա միջավայրը և ինչպես հարմարվել արդեն տեղի ունեցող փոփոխություններին։ Բայց կա մի կարևոր հարց․ արդյո՞ք միայն այսպիսի հանդիպումները բավարար են: Պատասխանը, իհարկե, բացասական է: Կլիմայի փոփոխությունը միայն կառավարությունների խնդիրը չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրիս առօրյայից՝ մեր օգտագործած էներգիայից, մեր ընտրած պրոդուկտներից, մեր վարքագծից։ Եվ հենց այստեղ է, որ առաջ է գալիս հասարակության իրազեկվածության դերը։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը թիմային աշխատանք է։ Կառավարությունները կարող են սահմանել կանոններ, կազմակերպությունները կարող են առաջարկել լուծումներ, բայց իրական արդյունքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակությունը ներգրավված է։

Եվ գուցե ամենակարևոր հարցը, որ կարող ենք տալ մեզ այսօր՝ ինչ փոքր քայլ կարող ենք անել հենց հիմա, որպեսզի վաղը ունենանք ավելի կայուն և ապահով աշխարհ։ Կլիմայի փոփոխությունը ապագայի խնդիր չէ։ Այն արդեն ներկայում է։ Եվ այն, ինչ արվում է այսօր՝ թե միջազգային, թե տեղական ու թե անձնական մակարդակում, որոշում է այն, թե ինչպիսի աշխարհում ենք ապրելու վաղը։

Ցուցադրել ավելի
Back to top button