Լուրեր

50 հազար եվրո՝ Գեղարքունիքում ապաստանած արցախցիներին

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ինչպես տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, այս մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում։ Պատասխան նամակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է իր երախտագիտությունը և պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։

«Հարգելի պարոն Ժան-Պիեռ Բարբիե, գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ ընդունեցի Ձեր և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես ոգևորող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։ Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսևորվում է նեղության պահին։

Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի: Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար, վստահեցնելով, որ տրամադրված դրամաշնորհային աջակցությունը կունենա հստակ հասցեականություն և արդյունավետորեն կծառայի իր նպատակին»,-գրված է մարզպետի պատասխան նամակում:

Ցուցադրել ավելի
Back to top button