Մայրիկի դպրոց

Մամ, դասերդ սովորե՞լ ես․․․

«Մայրիկի դպրոցը» «Արևիկ» ռադիոկայանի նոր հաղորդաշարն է, որի հասցեատերը դուք եք, սիրելի մայրիկներ։ Սկսում ենք այս հաղորդաշարը՝ հույսով, որ դուք շատ շուտով ոչ միայն մեր ունկնդիրը, այլև գործընկերն եք դառնալու՝ մեզ առաջարկելով քննարկման թեմաներ, փոխանցելով ձեր փորձը, անկաշկանդ քննարկման դնելով ձեր խնդիրը։

Այսօր մեր հյուրը հոգեբան, դասախոս, «Ծնողի դպրոց» ՀԿ-ի դասընթացավար Լուսինե Աղաբեկյանն է։

Հարց – Ինչու՞ է պետք ծնողի դպրոց ունենալ։

Լ․ Աղաբեկյան – Մեր կյանքի ինչ–որ մի փուլում մենք ծնող ենք դառնում և սկսում ենք իրականացնել այդ շատ կարևոր, միևնույն ժամանակ բարդ առաքելությունը։ Մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում ծնող լինել․ մենք ուղղակի, ապավինելով մեր ծնողական բնազդին և տեսնելով այն օրինակը, թե մեր ծնողները ինչպես են մեզ դաստիարակել, շատ հաճախ, հենց դաստիարակության այդ ձևը վերցնելով, անցնում ենք այդ բարդ և պատասխանատու գործին։ Դա, իհարկե, շատ լավ է, որովհետև մեր բնազդները մեզ շատ կարող են օգնել և, իհարկե, այն դաստիարակությունը, որն ստացել ենք՝ ևս։ Բայց մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհը փոխվել է, և երեխաները նույնպես բավականին տարբեր են այն երեխաներից, որոնք ծնվում էին նախկինում։ Եվ, ընդհանրապես, գիտությունը, մանկավարժությունը, հոգեբանությունը ևս  բավականին զարգացել են այս ընթացքում, և հասկացել ենք, որ կան մի շարք կարևոր հմտություններ և գիտելիքներ, որոնք պակասում են ծնողներին՝ երեխաներին դաստիարակելու հարցում։ Օրինակ՝ ինչպե՞ս արձագանքել իրենց անցանկալի վարքին, ինչպե՞ս խրախուսել, ինչպե՞ս ինքնուրույնությունը զարգացնել, ինչպե՞ս ուսումնական գործընթացում աջակցել երեխաներին։ Այս և բազմաթիվ այլ հարցեր կան, որոնցում ծնողները դժվարանում են և շատ հաճախ նոր գիտելիքներ ձեռք բերելու և խորհրդատվություն ստանալու կարիք են ունենում։

Հարց – Մեր առաջին զրույցը հասցեագրենք բոլոր այն մայրիկներին, որոնց երեխաներն այս տարի դարձան առաջին դասարանցի։

Եվ այսպես, երեխան դարձավ առաջին դասարանցի։ Սա ցանկացած ընտանիքում իրադարձություն է՝ ուրախ, սպասումներով լի, շրջադարձ է ոչ միայն հենց իր՝ երեխայի համար, այլև՝ մայրիկի։

Ուրախությունն ու սպասումը լավ են, բայց առաջարկում եմ խոսել շրջադարձի վտանգների, անակնկալների, սխալների մասին։

Լ․ Աղաբեկյան – Իրականում շատ կուզենայի շեշտը դնել նախ այն բանի վրա, որ որպեսզի կարողանանք անցնցում և խաղաղ, հանգիստ պայմաններում երեխային ուղարկել դպրոց, շատ կարևոր է, որ մենք իրեն ճիշտ նախապատրաստենք դպրոցին։ Եվ դա չենք սկսում, օրինակ, անել օգոստոսի 25–ին, այլ սկսում ենք շատ ավելի վաղ։ Անգամ 5–6 ամիս առաջ արդեն սկսում ենք երեխայի հետ խոսել դպրոցի մասին, պատմում ենք՝ ինչ է դպրոցը, բնականաբար, պատմում ենք դրական շեշտադրումով․ դպրոցը մի տեղ է, որտեղ կարելի է շատ նոր, հետաքրքիր բաներ սովորել, բացահայտել։ Մեր փորձի մասին ենք պատմում՝ ինչպե՞ս էինք մենք գնում դպրոց, ի՞նչ էինք մենք սիրում դպրոցում։ Դպրոցը նաև տեղ է, որտեղ կարող ենք շատ ընկերներ ձեռք բերել, շփվել։ Կարելի է անգամ տանել դպրոցի տարածքը ցույց տալ երեխային, եթե հնարավորություն ունենք ուսուցչի հետ նախապես ծանոթացնելու, շատ ավելի լավ։ Այսինքն նախապես սկսում ենք խոսել դպրոցի մասին՝ շեշտադրելով այն, ինչն ինքն այնտեղ սովորելու է, բացահայտելու է, փորձում ենք հետարքրություն առաջացնել ուսումնական գործունեության և դպրոցի հանդեպ։

Նաև կարևոր է երեխային նախապես որոշակի ռեժիմի բերել, որովհետև երբ մենք օգոստոսի 31–ին ինքնաթիռից իջնում ենք և սեպտեմբերի 1–ին երեխային ուղարկում ենք դպրոց, հարմարվելու տեսանկյունից երեխայի համար շատ ավելի բարդ է լինում։ Ուստի ցանկալի է վերջին 7–10 օրը այլ ռեժիմի գալ՝ երբ արթնանալ, երբ քնել։ Այս նախապատրաստական աշխատանքը շատ կարևոր է։

Հարց – Ծնողների փորձը փոխանցելու նրբությունների մասին խոսենք։

Լ․Աղաբեկյան – Եթե մենք մեր փորձը փոխանցելիս բացասական շեշտադրումներ անենք, դա կարող է լինել մեր սխալներից մեկը։ Օրինակ, եթե մենք սկսենք պատմել, թե ի՞նչը մեզ դուր չէր գալիս, ի՞նչը չէինք սիրում դպրոցում։ Եվ էլի շատ մեծ սխալներից է դպրոցով սպառնալը։ Սա էլ ենք տեսնում․ ծնողը կարող է ասել․ ա՛յ, շուտով կգնաս դպրոց, էդ ժամանակ կտեսնես, կամ՝ որ քեզ լավ չպահես, կգնաս դպրոց։

Մեծագույն սխալներից մեկը, որ որպես ծնող կարող ենք թույլ տալ, դպրոցի հանդեպ բացասական դիրքորոշման ձևավորումն է։ Շատ կարևոր է, որ մենք որպես ծնող դպրոցի, ուսուցիչների, ուսումնական ծրագրերի, դասագրքերի, մեթոդների մասին երեխաների մոտ խոսենք միայն դրականը։ Իհարկե, կրթական համակարգը կատարյալ չէ, բայց որքան էլ ունենանք անհամաձայնություններ, սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեծահասակներով, բայց՝ ոչ երեխայի ներկայությամբ․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button