
ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
— Արձակ
— Դրամատուրգիա
— Մանկապատանեկան գրականություն
— Պոեզիա
Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Մրցույթին պետք է ներկայացնել՝
«Արձակ» անվանակարգում
- կամ 2 պատմվածք
- կամ 2 էսսե
- կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը վերաբերում է նաև պատմվածքներին և էսսեներին):
«Դրամատուրգիա» անվանակարգում
- 1 պիես
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում
- կամ 2 հեքիաթ
- կամ 2 պատմվածք
- կամ 1 պատկերազարդ պատմություն
- կամ 10 բանաստեղծություն
- կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը հեքիաթին, պատմվածքին, պատկերազարդ պատմությանը, բանաստեղծությանը չի վերաբերում):
«Պոեզիա» անվանակարգում
- 10 բանաստեղծություն
Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։
Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Նամակի դաշտ»-ում հարկ է նշել կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» տողում՝ գրողի անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի 12-ն է (ներառյալ)։ Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 8-ին՝ Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։
Նշենք, որ 2017 թվականից կազմակերպվող փառատոնը մեր երկրում գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն է: Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բաթլներ, ստենդափ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

