Այսօր հուլիսի 23-ն է, և օրացույցը մեզ հուշում է, որ այն Կետերի ու դելֆինների համաշխարհային օրն է, որը նշվում է ամեն տարի՝ սկսած 1986 թվականից։
Որքան էլ զարմանալի թվա, բայց կետերը որոշ չափով օգնում են մարդկության յուրաքանչյուր երկրորդ շնչառությանը։ Այս ջրային արարածները նպաստում են մեր մթնոլորտի ամբողջ թթվածնի առնվազն 50 տոկոսի առաջացմանը: Բացի այդ՝ հայտնի է նաև, որ կետերը կլանում են մոտ 37 միլիարդ տոննա ածխաթթու գազ, որը համարժեք է Ամազոնի չորս անտառներին։
Այսօր կետերի՝ այդ հսկա, բայց անչափ բարի արարածների որսը, ինչպես նաև նրանց մսի առևտուրն արգելված է ամբողջ աշխարհում։ Բայց կետորսը միակ սպառնալիքը չէ նրանց համար։
Թե՛ կետերի, թե՛ դելֆինների և թե՛ այլ ծովային կաթնասունների անհետացման պատճառ են դառնում նաև դելֆինարիումները, ակվարիումներն ու կրկեսները՝ իրենց բազմազան շոու ծրագրերով, որտեղ առավելապես շահագործվում են այս կենդանիները։
Մարդու բացասական դերը այս արարածների ազատությունը սահմանափակելով չի ավարտվում։ Ծովային կաթնասունների համար լուրջ վտանգ է ներկայացնում նաև մեծաքանակ աղբը, որով հագեցած են ջրային տարածքները։ Դե․․․․դրանց թվում են պլաստիկը, ապակին, մետաղը, ձկնորսական սարքավորումները և այսպես շարունակ։
Ոչ միայն կետերն ու դելֆինները, այլև՝ գրեթե բոլոր ջրային կենդանիները խճճվում են դրանց մեջ, վիրավորվում կամ պատահաբար ուտում են աղբը՝ վնասելով իրենց մարսողական օրգանները։

Այստեղ կարող ենք ներառել նաև ծովային կրիաներին, որոնք պլաստիկ տոպրակները շփոթում են մեդուզաների հետ և դրանք կուլ տալով՝ անկում են։ Եվ ուրեմն այսօր ոչ միայն կետերի, այլև՝ ծովային բոլոր կաթնասունների պաշտպանության օրն է։
Ամեն տարի՝ այս օրը, բնապահպանական տարբեր խմբեր ու կազմակերպություններ միջոցառումներ ու ցույցեր են անցկացնում ծովային կաթնասուններին պաշտպանելու համար: Հաճախ բնապահպանները համախմբվում և օրը նվիրում են որևէ եզակի տեսակի պաշտպանությանը, որը գտնվում է ոչնչացման եզրին։
Դե, ինչպես գիտենք, բնության մեջ ավելորդ ոչինչ չի լինում Ու մինչ մենք վնասում ու վատնում ենք մեզ տրված բարիքները, ծովային կենդանիները ոչ միայն պահպանում ու հարստացնում են ջրային արեալները, այլ նաև՝ պարզվում է, որ, ի սկզբանե, հենց իրենք էլ պահպանել են դրանք։
Հիշենք, որ մեր մոլորակի ծովերն ու օվկիանոսները մշակվել են հենց ծովային կաթնասունների կողմից՝ նույնիսկ մարդկանց հայտնվելուց շատ առաջ։ Պալեոնտոլոգների բացահայտումները հաստատում են, որ կետերն ու փոկերը գոյություն են ունեցել դեռևս 26 միլիոն տարի առաջ:





