Ցավալիորեն մեր շրջանում բարձր է կենդանիների հանդեպ բռնության մակարդակը` ոմանց մոտ դա, ասես, մոլուցք լինի:
Տարբեր են պատճառները, որոնք «բանական արարած» կոչեցյալին մղում են հիմնականում անհիմն, անիմաստ դաժանության։ Ուժեղն ու մեծը հալածում, ոչնչացնում է փոքրին, թույլին, լեզու չունեցողին, մեղք նույնպես չունեցողին։
Ամենաառաջին հերթին մեղավորն այստեղ իհարկե օրենքն է ու հատկապես՝ օրենսդիրները, ինչ ուզում ես ասա, բայց եթե հայկական իրականությունում կենդանի չարչարելու, խեղելու, սատկացնելու համար պետք եղածի պես խիստ, ավելի ճիշտ՝ խստագույն պատիժներ գործեին, հիմա հաստատ չէինք ունենա այն ամոթալի, խայտառակ, անընդունելի, քստմնելի ու դատապարտելի վիճակը, որ ունենք հատկապես շների ու կատուների հետ կապված։



