Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Դե…երբ խոսում ենք հին հայկական առած-ասացվածքների մասին, հավանաբար դուք էլ եք առաջինը սա մտաբերում։
Իսկ կռահեցի՞ք, թե ինչու խոսեցինք ընկերության մասին․․․որովհետև օրացույցը մեզ հիշեցնում է, որ հուլիսի 30-ին աշխարհում նշվում է Ընկերության միջազգային օրը։
Այսպիսով, Ընկերների միջազգային օրը նախ ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Հետագայում՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հրավիրել է պետական կառույցների, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների ուշադրությունը՝ Ընկերության միջազգային օրվան, և կազմակերպելու այնպիսի միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն թե՛ ժողովուրդների և՛ թե՛ անհատների բարեկամական հարաբերություններին։
Օրվա նպատակներից է երիտասարդներին ու ապագա առաջնորդներին ներգրավել սոցիալական գործունեությունների մեջ՝ ուղղված տարբեր մշակույթների հանդեպ հարգալից վերաբերունքին։ Ներկայումս աշխարհի շատ երկրներում ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ բարեկամություն և հանդուրժողականություն տարածելու նպատակով։
Հիմա ծանոթանանք այն մի քանի սկզբունքներին, որոնց վրա է հիմնվում առողջ ու ամուր ընկերությունը։ Նախ պարզենք, թե ո՞րն է առաջին բանալին։
Կարևոր է հիշել որ ընկերությունը չի կարող կառուցվել միայն քննադատությունների ու դատողությունների վրա, որքան էլ դրանք առողջ լինեն։ Ամուր ու վստահելի ընկերությունը հիմնված է փոխզիջումների վրա: Օրինակ՝ եթե հարազատ ընկերներից մեկը խնդրել է փոխել հանդիպման ժամը, ապա՝ մենք էլ կարող ենք նրան խնդրել, որ նա էլ նույնն անի։ Թե՛ ճկունությունը և թե՛ զիջումների գնալը կոնֆլիկտների մեջ չմտնելու հզոր կարողություն է։ Սա ամուր ընկերության բանալիներից մեկն է։
Ամուր ընկերության համար ոչ պակաս կարևոր է նաև ապրումակցումը: Շատ անհարկի վեճեր պայմանավորված են նրանով, որ մարդիկ չեն լսում միմյանց և չեն ցանկանում իրենց տեսնել դիմացինի վիճակում: Արդյունքում՝ առաջանում են փոխադարձ մեղադրանքներ։ Միշտ կարևոր է լսել ընկերոջը: Պարտադիր չէ, որ նա էլ մտածի այնպես, ինչպես՝ մենք։ Տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է, և այն, ինչ մնում է անել, միմյանց հարգելն է։
Իսկ այժմ, մեր ժամանակներին բնորոշ մի դիտարկում։ Ազատ ժամանակը կարող ենք անցկացնել ոչ միայն համակարգչի առաջ, այլև՝ մեր ընտանիքի ու ընկերների հետ: Նաև կարող ենք փնտրել լրացուցիչ զբաղմունքներ։ Օրինակ՝ գնալ տարբեր դասընթացների ու հաճախել նախընտրելի խմբակներ։ Սա ոչ միայն կօգնի ձեռք բերել նոր ընկերներ, այլև՝ պահպանել հին շփումները: Որքան մեր կյանքը ակտիվ լինիև իրադարձություններով լի, այնքան՝ մեզ հետ շփվելը ավելի հետաքրքիր կդառնա։
Դուք էլ եք կարծում չէ՞, որ ընկերների հետ հարաբերությունները պահպանելու համար պետք է կարողանանք խելամտորեն սահմանել մեր առաջնահերթությունները։ Ուստի՝ եթե ցանկանում ենք խուսափել միայնությունից, ուրեմն՝ պետք է ժամանակ հատկացնենք մեր ընկերներին: Մտերիմ հարաբերություններն անհնար են՝ առանց անձնական շփումների։
Եվ վերջում՝ ևս մեկ բանալի, որը էլի բերում է ազնիվ ու ամուր ընկերության։ Կարևոր է բաց ու անկեղծ խոսել մեր զգացողությունների ու մտքերի մասին։ Մարդիկ հաճախ սկսում են կասկածել ընկերական հարաբերությունների՝ վստահելի լինելուն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք հազվադեպ ենք անհրաժեշտ համարում շնորհակալություն հայտնել մարդուն և գնահատել նրա ներդրումը մեր կյանքում: Ուստի՝ պետք է բաց լինենք մեր ընկերների հետ և հաճախ հիշեցնենք նրանց, թե որքան կարևոր են մեզ համար:





