Ե՞րբ եք վազել վերջին անգամ։ Կարծում ենք շատերս ենք մոռացել վազքի կարևորության մասին։ Մինչդեռ արձակուրդին, երբ առավոտյան ոչ մի տեղ չենք շտապում, կարելի է ժամանակ տրամադրել ու 30-ից 40 րոպե վազել ու կոփել մարմինը։
Հին հույներն ասում են, եթե ցանկանում եք ուժեղ, խելացի ու գեղեցիկ լինել, պետք է վազեք։ Եվ իսկապես, մասնագետներն ասում են, որ վազքը առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու հիանալի ու նաև անվճար միջոց է։ Ազատվում ես սթրեսից ու հոգնածությունից։ Վազելիս նաև արտադրվում է էնդորֆին, որն ինչպես գիտենք համարվում է «երջանկության հորմոն»։
Վազքը նաև բարերար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա և նպաստում է իմունիտետի բարձրացմանը։ Եվ ուրեմն, առաջարկում ենք չզլանալ ու շաբաթվա ընթացքում երկու, երեք անգամ վազել։ Կարող եք նաև ընկերներին էլ ոգևորել ու վազքով սկսել նոր օրը։ Եվ դա թող վարակիչ լինի բոլորի համար։





