Լուրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նրա 150-ամյակին ընդառաջ նոր նախագծեր է պատրաստում 

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Վարպետի տուն-թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր:

Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ Ժամը 19։00-ին, կիրականացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Միայն սիրո լարը մնաց…» խորագրով:

Ներկայացման սցենարի հեղինակներն են թանգարանի աշխատակիցներ Ռուզաննա Մեսրոպյանը և Աննա Սարոյանը: Մասնակցում են դերասաններ Սիփան Զադոյանը, Արև Հակոբյանը, Արուսիկ Գրիգորյանը: Երգերը կատարում է Մարիցա Թիլիքյանը:

Թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով, մասնակցությունը երեկոյին ներառում է նաև շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն: 

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ էլ Ավետիք Իսահակյանի «Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա նկարահանվում է մուլտֆիլմ:

«Պոեմն Իսահակյանը գրել է իր սիրելի Շիրակի դաշտավայրում՝ Ղազարապատ գյուղում։ Ստեղծագործության մեջ ներկայացված են Վարպետի ծննդավայրի պատկերները, տեսարանները, ժողովրդական ավանդույթները, բարքերը, սովորույթները։ Այս պոեմում շատ գեղեցիկ ներկայացված է նաև Վարդավառի տոնակատարությունն իր ամբողջ ծեսով։ Այս տոնակատարության ժամանակ էլ Իսահակյանը հանդիպել է իր առաջին սիրուն՝ Զարոյին»,- նշել է Արմինե Ավետիսյանը և բացահայտել թե ինչու է որոշվել հենց այս պոեմը ներկայացնել մուլտֆիլմի ձևաչափով:

Անիմացիայի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Մանե Հարությունյանը։ Մուլտֆիլմում հնչում են Վարպետի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, օրինակ՝ «Արևի պես, սիրուն Զարոս» ստեղծագործությունը (երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Ջ. Ավագյանը)։ Գործիքավորել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Երգերից մեկի հեղինակն էլ Իսահակյանի թանգարանի աշխատակցուհի Աննա Սարոյանն է։ Երգերը կատարում է «Արևիկ» երգչախումբը։ Երգերի ձայնագրմանն աջակցել է Հայաստանի հանրային ռադիոն։

«Ալագյազի մանիները» մուլտֆիլմի շնորհանդեսը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին․ առաջին ցուցադրությունը կլինի Շիրակի մարզի Իսահակյան համայնքում:

Ցուցադրել ավելի
Back to top button