Ես չեմ կարող ասել, որ այսօր նոր ծանոթության օր է Պստիկաշենում, որովհետև Արտավազդին արդեն մեկ անգամ հյուրընկալել ենք մեր ստուդիայում։ Բայց դա երեք տարի առաջ էր, երբ Արտավազդը 5 տարեկան էր, իսկ այսօր արդեն դպրոցական է՝ 3–րդ դասարանցի, և նրա կյանքում շատ բան է փոխվել։
Երբ առաջին անգամ Արտավազդը եկավ մեզ հյուր, նրա ամենամեծ երազանքը տիեզերքի մասին շատ բան իմանալը և տիեզերագնաց դառնալն էր, իսկ հիմա նրան ավելի շատ լեգոներն են հետաքրքրում, որովհետև երազում է ճարտարապետ դառնալ՝ պապիկի պես։
Արտավազդի կառուցած շենքերի, տների, մեքենաների մասին պապիկը հաճախ է կարծիք հայտնում, դիտողություններ անում, խորհուրդներ տալիս։ Արդեն կայացած ճարտարապետի և ապագա ճարտարապետի այս զրույցները շատ հետաքրքիր են։
Արտավազդը հաճախում է շախմատի, նկարչության և կարատեի։ Շախմատի է հաճախում, որ լավ շախմատ խաղալ սովորի ու հաղթի պապիկին, որը, ինչպես ինքն է ասում, «շատ լավ է շախմատ խաղում»։
Նկարչության է հաճախում, որ լավ նկարել սովորի ու մայրիկին սիրուն նկարի։ Եվ կարատեի է հաճախում, որովհետև ուզում է ուժեղ լինել, մեդալներ և «սև գոտի» ստանալ։ Իսկ կարատեիստ դառնալ, չէ՛, չի ուզում, որովհետև, դարձյալ ինչպես ինքն է ասում, «ես, ախր, կռվել չեմ սիրում»։
Միացե՛ք մեր զրույցին, և դուք էլ կհամոզվեք, որ երբ հին ընկերները հանդիպում են, խոսելու բան միշտ ունենում են։





