Թեև Կատուների համաշխարհային օրը օգոստոսի 8-ին է, բայց քչերին է հայտնի, որ հոկտեմբերի 29-ը ևս նվիրված է այս ճկուն ու ճարպիկ չարաճճիներին և կոչվում է Կատուների ազգային օր։
Ու թեև Կատուների ազգային օրը ամերիկյան տոն է, մենք կարծում ենք, որ այսօր արժե խոսել այս միստիկ արարածների մասին՝ անդրադառնալով թե՛ միֆերին ու թե՛ ամենահետաքրքիր փաստերին։
Օրինակ, սև կատուների մասին ամենահայտնի միֆերից է՝ դժբախտություն բերելը։ Խոստովանենք, թե նախկինում քանի անգամ ենք մեր ճանապարհը փոխել, ինչ է, թե սև կատու է անցել մեր դիմացով։ Սա աշխարհում ամենատարածված և գիտական որևէ ապացույց չունեցող միֆերից է, որին հավատում են աշխարհի շատ երկրներում՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա և այլն։ Գուցե դա՞ է պատճառը, որ փողոցում անտուն սև կատուների ավելի շատ ենք հանդիպում։
Հայտնի միֆերից է նաև կատուների լեզվի հակաբակտերիալ լինելը։ Դե, հաճախ են ասում, որ կատուները վերքերը բուժելու կարիք չունեն՝ նրանց թուքը ինքնին կբուժի ամեն ինչ։ Լեզվի վրա եզակի ատամնավոր շերտը իրականում կարողանում է հեռացնել կեղտը և ունի հակաբակտերիալ հատկություններ: Բայց պետք է հաշվի առնել, որ ընտանի կենդանիները հաճախ շատ են լիզում վերքերը՝ թույլ չտալով, որ դրանք ապաքինվեն։ Իսկ ավելորդ խոնավությունը նոր բորբոքումների պատճառ է դառնում։ Այսպիսով, սիրելի կատվասերներ, անասնաբույժի մոտ գնալը երբեք մի չեղարկեք:

Ասում են՝ կատուն շատ է սիրում կաթ։ Դե, կարելի է ենթադրել, որ կաթը ապահովում է կատուներին՝ իրենց անհրաժեշտ սննդանյութերով։ Բայց, պարզվում է, որ կատուների մեծ մասը լակտոզայի անհանդուրժողականություն ունի: Մոր կաթից կտրվելուց հետո նրանք կորցնում են այն մարսելու համար անհրաժեշտ ֆերմենտը: Ուստի՝ կաթը նրանց մոտ ստամոքսի խանգարում է առաջացնում։
Դե ինչ, ժամանակն է միֆերից ու կեղծ փաստերից անցում կատարենք հետաքրքիր ու իրական փաստերին։ Օրինակ, ինչո՞ւ չիմանալ, թե ինչո՞ւ են կատուների աչքերը այդքան խոշոր։
Բոլոր կատվազգիները, այդ թվում՝ հե՛նց կատուները, իրենց մարմնի համեմատ ունեն հսկայական աչքեր, որոնք իրենց օգտակարությունը ցույց են տալիս ցածր լուսավորության պայմաններում՝ որս անելու ժամանակ։ Բայց ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ աչքերի այդ խոշոր չափը դժվարացնում է անընդհատ տեսողական կենտրոնացումը, ինչը նշանակում է, որ նրանք հեռու օբյեկտներին նայելուց հետո դժվարությամբ են վերադառնում մոտ գտնվող օբյեկտներին:
Ի դեպ, ըստ «Cat Sense» գրքի հեղինակ Ջոն Բրեդշոուի՝ այդ պատճառով է, որ կատվի տեսողությունը հարմարվում է իր միջավայրին։ Այսինքն՝ փողոցում ապրող կատուները հեռատես են, իսկ տանը ապրող կատուները՝ կարճատես:

Էլի մի փաստ, որին անդրադառնալիս՝ նորից պետք է նկատի ունենանք բոլոր կատվազգիներին։ Հավանաբար, թե՛ ֆիլմերից ու թե՛ գրականությունից, շատերիս է հայտնի, որ, ի տարբերություն այլ կենդանիների, կատվազգիները որս են անում, որովհետև այլ կերպ չեն կարող, նրանք բնածին «որսորդներ» են։
Ինչո՞ւ է կատուներին անհրաժեշտ որս՝ հանուն որսի։ Այո, գուցե զարմանալի թվա, բայց կատուները որս են անում նույնիսկ այն ժամանակ, երբ սոված չեն։ Այս չարաճճիները որս են անում պարզապես հաճույքի ու ժամանցի համար։
Ջորջիայի համալսարանի գիտնականները KittyCam նախագծի շրջանակներում պարզել են, որ կատուներն իրենց որսը՝ որպես կերակուր, օգտագործում են 28% դեպքում։ Մնացած զոհերին թողնում են տեղում կամ հպարտությամբ առաջարկում իրենց տերերին։ Այս փաստը շատ բան է ասում, թե որքան կամակոր են փոքրիկ «փափկամազները»։
Եվ վերջին փաստը, որ ուզում ենք ձեզ ներկայացնել, ևս մեկ անգամ ցույց է տալիս կատուների ինքնուրույնությունն ու կամակորությունը։ Տնային պայմաններում ապրող կատուները միշտ չէ, որ ապրել են փակ տարածքներում։

Հնում կատուները ընտանի կենդանիներ չեն եղել՝ հենց բառի ուղիղ իմաստով: Ու այստեղ է նրանց վերաբերող ամենահետաքրքիր փաստերից մեկը։ Գիտնականները կարծում են, որ, չնայած կատուների՝ տան պայմաններում չապրելու հանգամանքին, հնում այդ կենդանիները սինանտրոպ են եղել։
Այսինքն՝ նրանք փոխշահավետ հարաբերությունների մեջ են եղել մարդկանց հետ՝ պահպանելով իրենց անձնական անկախությունը: Այս փաստը շատ հավաստի է, եթե հաշվի առնենք, որ այսօր շատ կատուներ հենց այսպես էլ ապրում են՝ մշտապես ստիպելով հարգել իրենց անձնական տարածքը:





