Զարթուցիչ

Նոյեմբերի 12-ը՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. Զարթուցիչ

«Շատ հեղուկներ խմիր», «Այդպես տանից դուրս չգաս, արդեն ամառ չէ»․․․ ծանոթ զգուշացումներ են, այնպես չէ՞։ Իրականում, ես կարծում եմ՝ մեր ծնողների մտահոգությունները տեղին են, չէ՞ որ օրերն աստիճանաբար ավելի են ցրտելու, իսկ եղանակային փոփոխությունն այն «ամենահարմար շրջանն է», որի ընթացքում մենք կարող ենք տարբեր վիրուսներով  հայտնվել անկողնում։ 

Սիրելի ռադիոլսողներ, այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն ընդունվել է Յունիսեֆի և Առողջության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։

Այսպիսով, 2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարեց «Թոքաբորբի կանխարգելման և վերահսկման գլոբալ գործողությունների ծրագրի» մասին: Այս ծրագրի նպատակն էր՝ երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման համալիր միջոցառումների միջոցով զարգացնել ու ակտիվացնել թոքաբորբի դեմ պայքարը:

Թոքաբորբն այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում ամեն տարի թոքաբորբից մահանում է ավելի քան երկու միլիոն մարդ, այդ թվում՝ մոտավորապես 1 միլիոն երեխա։

Թոքաբորբի հիմնական ախտանշաններն են՝ 38-ից 39 աստիճան ջերմությունը, հազը, շնչահեղձությունը։ Երբեմն թոքաբորբի ժամանակ մարդը կրծքավանդակում կարող է զգալ անհանգստություն կամ ցավ, ինչպես նաև՝ ընդհանուր թուլություն, արդյունավետության նվազում, հոգնածություն, քրտնարտադրություն, քնի խանգարումներ և ախորժակի նվազում:

Թոքաբորբի ռիսկի գործոններից են՝ տարիքը, որի թիրախային խմբում են երեխաներն ու տարեցները, վնասակար սովորությունները՝ նախ և առաջ ծխելը, ինչպես նաև՝ թոքերի, սրտի, երիկամների, աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, իմունային անբավարարությունը և, իհարկե, մրսելը ու հիվանդանալը։ 

Հիշենք, որ կարևոր է ժամանակին դիմել բժշկական օգնության, հատկապես, երբ զգում ենք այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ երկարատև հազը, կրծքավանդակի շրջանում զգացվող ցավը, բարձր ջերմությունն ու  այլ նշաններ։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, գրիպի դեմ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, քանի որ հենց այն պատվաստանյութն է պաշտպանում գրիպից։ 

Դե, բժշկության մեջ մի շատ հայտնի միտք կա․ «Ավելի հեշտ է կանխարգելել, քան՝ բուժել»։ Ուստի՝ առաջարկում ենք միասին ծանոթանալ գրիպի կանխարգելման հիմնական կանոններին։

Դե, սկսենք նրանից, որ ցանկալի է ստանալ գրիպի դեմ պատվաստում՝ նախքան գրիպի սեզոնի սկսվելը: Այնուհետև, հատկապես ցուրտ եղանակին, կարևոր է նաև կրճատել մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում անցկացրած ժամանակը:

Չենք մոռանում, թե որքան կարևոր է ոչ միայն այս սեզոնին այլև՝ ողջ տարվա ընթացքում, անընդհատ ձեռքերի հիգիենային և խանմքին հետևելու մասին։ Կարևոր է պարբերաբար ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես՝ դրսից տուն գալուց կամ հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո։ Ցանկալի է օգտագործել ալկոգելներ կամ ալկոսփրեյներ, որոնք կօգնեն, երբ դրսում ենք և, հատկապես, երբ օգտվել ենք հասարակական տրանսպորտից։

Օդափոխության մասին ևս չենք մոռանում։ Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել այն սենյակը, որտեղ գտնվում ենք, պարբերաբար  մաքրենք այն, խոնավեցնենք։  Իհարկե, պետք է ուշադիր լինենք, որ հակառակ արդյունքը չունենանք։ Օդափոխությունը չպետք է տևի երկար և չպետք է ստեղծենք միջանցիկ քամի։ 

Հատկապես տարվա այս շրջանում անչափ կարևոր է առողջ սննդակարգին հետևելը։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ սնվել այն մթերքներով, որոնք C վիտամինպարունակում են պարունակում։Եվ որքան էլ մեզնից շատերը   խուսափում են, բայց չենք կարող չնշել, որ իրենց օգտակարությամբ չեն զիջում նաև սխտորն ու սոխը։ 

Այնուամենայնիվ, եթե զգում ենք, որ հիվանդանում ենք գրիպով, ապա՝ անհրաժեշտ է կանխագելիչ նպատակներով, միայն ու միայն բժշկի խորհրդատվությունից հետո, օգտագործել դիմադրողականությունը  բարձրացնող դեղամիջոցներ։ 

Եվ վերջում, առողջ սննդակարգին զուգահեռ, շատ արդյունավետ կլնի, եթե վարենք ընդհանուր առողջ ապրելակերպ, քնենք բավականաչափ՝ մոտ 7-ից 8 ժամ, սնվենք հավասարակշռված սննդակարգով և կանոնավոր մարզվեք: Հիշենք, որ ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ամենաօրգանիկ ու արդյունավետ ռազմավարություններից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button