94 տարի առաջ այս օրը՝ 1931 թվականի հունվարի 30-ին, Նյու Յորքում կայացավ Չարլի Չապլինի «Քաղաքի լույսերը» ֆիլմի պրեմիերան։ Այս ֆիլմը հայտնի է նաև «Մեծ քաղաքի լույսերը» անունով և կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի արդեն 9 տասնամյակից ավելի։
Ի՞նչն է այս կամ այն ֆիլմը դարձնում սիրելի, անկրկնելի, հետաքրքիր, հզոր, գլուխգործոց․․․ Մտածե՞լ եք երբևէ այս մասին։ Եթե այո, ուրեմն անպայման ինքներդ էլ եք հասկացել, որ այդպիսին ֆիլմը դառնում է մի շարք կարևոր գործոնների համադրությամբ, բազմաթիվ մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում, և որ լավ կինոյի շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ ձայնն է՝ երաժշտությունը, հերոսների ձայնը, խոսքային հաղորդակցությունը, որն օգնում է նախ՝ հասկանալ, թե ինչի մասին է այս կամ այն տեսարանը ու նաև հուզական տարբեր նրբերանգներ է փոխանցում։
Դժվար է պատկերացնել, որ եղել է ժամանակ, երբ հույզերի, զգացմունքների, մտքերի արտահայտման համար խոսքը չի եղել ֆիլմում։ Մինչդեռ հենց այդպես՝ համր, առանց խոսքի է ծնվել կինոն, իսկ համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը Չարլի Չապլինն էր, որը շատ էր սիրում համր կինոն և ֆիլմերում ձայնի ի հայտ գալուց հետո դեռ երկար ժամանակ հավատարիմ էր մնում համր կինոյի տեխնիկային։
«Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմն էլ էկրաններին հայտնվեց այն ժամանակ, երբ համր կինոն արդեն իր տեղն էր զիջում ձայնային կինոյին։ Բայց․․․ոչ միայն ի հայտ եկավ, այլև դարձավ Չապլինի ստեղծագործական կենսագրության ամենահայտնի ու սիրված էջերից մեկը։
Կույր աղջկա հանդեպ թափառաշրջիկի հուզիչ սիրո պատմությունը միանգամից հասավ մարդկանց սրտերին, հուզեց բոլորին և մինչև այսօր էլ ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում։ Ի դեպ, «Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի» ցուցակում այս ֆիլմն 1-ին տեղում է որպես ռոմանտիկ կատակերգություն։ Ֆիլմը նաև ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, որն իր հիացմունքն է հայտնել հեղինակին ֆիլմի առթիվ։ Հենց այդ օրերին էլ ի հայտ է եկել հայտնի կատակը․ Չապլինը հայտնի է, որովհետև նրա ֆիլմերը հասկանալի են բոլորին, մինչդեռ Էյնշտեյնի փառքն արդյունքն է այն բանի, որ նրա հարաբերականության տեսությունը չի հասկանում ոչ ոք։





