
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը։
Արդեն 5-րդ տարին անցկացվող այս փառատոնը դարձել է ամենասպասված նախաձեռնություններից մեկը մեր այն տարեկիցների համար, ովքեր հետաքրքրվում են գիտական աշխատանքով և հետազոտություններով։
Փառատոնի նպատակը դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն սերմանելն է, խմբային աշխատանք, նորարարական նախագծեր իրականացնելու և ներկայացնելու հմտություններ զարգացնելը։
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը ՝ մինչև 2 աշակերտ կազմով, գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Այս փուլի ընթացքում էլ կորոշվի, թե որ թիմը կարժանանա տվյալ անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին, ինչպես նաև կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը:
Բոլոր հայտերն ընդունվում են առցանց, գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 3-ն է: Հաջողություն ենք մաղթում բոլոր մեր այն տարեկիցներին, ովքեր սպասում էին փառատոնին և պատրաստվում են մասնակցել դրան։
Իսկ Ռադիո Արևիկը, որը փառատոնի սկզբնավորման օրվանից ի վեր ամեն տարի անդրադառնում է այս կարևոր նախաձեռնությանը, ներկայացնում է հաղթող թիմերին և հետաքրքիր աշխատանքները, այս անգամ էլ կհետևի փառատոնի ընթացքին և սիրով կհյուրընկալի մասնակից թիմերին իր հարկի տակ։

